Home / Հայաստան / ԼՂՀ նախագահի թեկնածուներին Սեֆիլյանի քաղաքացիության մասին հարցեր են ուղղել

ԼՂՀ նախագահի թեկնածուներին Սեֆիլյանի քաղաքացիության մասին հարցեր են ուղղել

«Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության» կոմիտեի համակարգող Աղավնի Սահակյանն այսօր բաց նամակոով երկու հարց է ուղղել ԼՂՀ նախագահի թեկնածուներ Բակո Սահակյանին, Արկադի Սողոմոնյանին և Վիտալի Բալասանյանին` կապված «Սարդարապատ» շարժման նախաձեռնող անդամ, ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության հետ:

Իր նամակի սկզբում Սահակյանն ընդգծում է, որ իր համար մարդու ճակատագրին անտարբեր կառավարիչը նույնքան անարժեք է, որքան երկրի ճակատագրին անտարբեր քաղաքացին։

«Կառավարման ոչ մի հմտություն չի դառնում բարիքի աղբյուր, եթե հավաքականության խնդիրների առաջացրած գլխացավերի լաբիրինթոսում կորչում են անհատի հոգսերի համար մտահոգությունը։ Նման մտահոգության առարկա է Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության խնդիրը։ Այն սոսկ մեկ անձի իրավունքի ոտնահարման խնդիր չէ։ Այն նաև հասարակության սոցիալական արժեքների խաթարման հերթական ցցուն նմուշ է։

Ժիրայր Սեֆիլյանն Արցախյան պատերազմի հրամանատարներից է (Շուշիի Ժիրոն)։   Նրան լավ են ճանաչում Արցախում և լավ գիտեք դուք։ Նրա բազմաթիվ դիմումները ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կամայականորեն և քմահաճ ձևով մերժվել են, առանց հոդաբաշխ որևէ բացատրության։

Ժիրայր Սեֆիլյանը քաղաքացիություն ստանալու խնդրանքով մի քանի անգամ դիմել է նաև ԼՂՀ ղեկավարությանը։ Այդ դիմումները կրկին մնացել են անպատասխան։ Սակայն վերջին անգամ, երբ հարկադրված են եղել պատասխանել, ասել են, որ. «Ղարաբաղում դեռևս ընդունված չէ երկքաղաքացիության մասին օրենքը»։ Այդ պատասխանը սոսկ խուսանավելուն և խնդիրը լղոզելուն է միտված, քանզի հայտնի է, որ.

ա/ Ժիրայր Սեֆիլյանը միշտ էլ պատրաստակամություն է հայտնել հրաժարվելու իր լիբանանյան քաղաքացիությունից,

բ/ Լեռնային Ղարաբաղի նախկին և գործող նախագահների հրամանագրերով, օրենքի բացակայության պայմաններում, որոշ անձանց նման քաղաքացիություն շնորհվել է։

Ասում են, որ կառավարման ողջ արվեստը ազնիվ լինելու արվեստի մեջ է։ Հարգարժան թեկնածուներին ուղղում եմ երկու հարց, ակնկալելով նրանց անկեղծ ու մտահոգ պատասխանը։

ա) Ինչպիսի՞ն է այս իրողության վերաբերյալ Ձեր գնահատականը։

բ) Ինչպե՞ս կլուծեք դուք այս խնդիրը, երբ ընտրվեք ԼՂՀ նախագահ», – գրել է Աղավնի Սահակյանը։

Նշենք, որ ԼՂՀ նախագահի ընտրությունները կայանալու են հուլիսի 19-ին:

Tekali Taxi