Home / Տեսանյութեր / ԼՂՀ նախագահի թեկնածուն խոստացել է Սեֆիլյանին քաղաքացիություն շնորհել ընտրվելու դեպքում

ԼՂՀ նախագահի թեկնածուն խոստացել է Սեֆիլյանին քաղաքացիություն շնորհել ընտրվելու դեպքում

Վիտալի Բալասանյանը ԼՂՀ նախագահ ընտրվելու դեպքում Ժիրայր Սեֆիլյանին կշնորհի Արցախի քաղաքացիություն:

ԼՂՀ նախագահի թեկնածու Բալասանյանը նման կերպ է արձագանքել այսօր բոլոր թեկնածուներին ուղղված բաց նամակում, որում «Ժիրայր  Սեֆիլյանի  քաղաքացիության  իրավունքի պաշտպանության» կոմիտեի  համակարգող   Աղավնի  Սահակյանը, ներկայացնելով Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության մերժման հետ կապված պատմությունը, երկու հարց է ուղղել.

ա) Ինչպիսի՞ն է այս իրողության վերաբերյալ Ձեր գնահատականը։

բ) Ինչպե՞ս կլուծեք դուք այս խնդիրը, երբ ընտրվեք ԼՂՀ նախագահ:

«Վիտալի Բալասանյանը հարցի նկատմամբ ունի հստակ կարծիք: Յուրաքանչյուր հայ իրավունք ունի դառնալու Արցախի քաղաքացի: Անթույլատրելի է, երբ որևէ հայի մերժվում է հայաստանյան  քաղաքացիություն տալը: Էլ առավել անընդունելի է, երբ քաղաքացիություն չի տրվում արցախյան պատերազմում  էական ներդրում ունեցող հրամանատարին:

Ավելին`մեզ պարտադրված պատերազմում արցախցու կողքին կանգնած յուրաքանչյուր ոք, անկախ ազգությունից, ունի Արցախի քաղաքացի դառնալու իրավունք:

Վիտալի Բալասանյանի նախագահ ընտրվելու դեպքում առաջին քայլերից մեկը ԼՂՀ քաղաքացիության մասին օրենքի ընդունումն է լինելու: Օրենքը կենթադրի նաև երկքաղաքացիության ինստիտուտ: Անկախ օրենքի առկայությանը` Ժիրայր Սեֆիլյանին նախագահի հրամանագրով կշնորհվի Արցախի քաղաքացիություն:

Վիտալի Բալասանյանի համար այս հարցը նաև բարոյական կողմ ունի: Ժիրայրը հայրենիքից դուրս բնակվող հայերի այն ներկայացուցիչն է, ովքեր հայրենիքի վտանգի դեպքում իրենց նետեցին պատերազմի բոցերի մեջ: Մենք իրավունք չունենք նման տեսակը ոչնչացնելու:

Վիտալի Բալասանյանի` նախագահ դառնալու դեպքում, Արցախը դառնալու է մեր հայրենիքի այն մասը, որտեղ աշխարհի տարբեր երկրների հայորդիները հնարավորություն կունենան առանց արհեստական խոչընդոտների իրականացնել իրենց ներուժը», – պատասխանել է Վիտալի Բալասանյանը:

Tekali Taxi