Home / Հայաստան / Ստորագրահավաք. բժիշկները խիստ պատիժ են պահանջում բռնություն կիրառողների նկատմամբ

Ստորագրահավաք. բժիշկները խիստ պատիժ են պահանջում բռնություն կիրառողների նկատմամբ

Աշխատանքի ընթացքում  բուժաշխատողի նկատմամբ բռնություն կիրառողների համար պատիժ սահմանել 10 տարվա ազատազրկում: Այսպիսի նախաձեռնությամբ է հանդես եկել «Մուրացան» հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկայի բժիշկ, արյունաբան Սամվել Իսկանյանը (նկարում):

Epress.am-ի հետ զրույցում Սամվել Իսկանյանն ասել է, որ ինչպես որ դատավորներն ու անձեռնմխելի պաշտոնյաների նկատմամբ բռնություն կիրառած մարդիկ են շատ խիստ պատժվում, նույն բանը պետք է լինի բուժաշխատողի դեպքում:

«Բուժաշխատողից կարևոր մարդ մեր հասարակության մեջ, ինձ թվում է, չկա: Այն ստերեոտիպը, որ աջ ու ձախ կուլակներ են թափահարում բժիշկների վրա, դա պետք է արմատախիլ արվի: Ես գտնում եմ, որ խիստ պետք է պատժվի այդ մարդը` տասը տարուց ոչ պակաս: Ես նախաձեռնեցի, մեր երիտասարդ բժիշկներից մեկն էլ, ով հիմա Թայվանում է գտնվում, նախաձեռնեց ստորագրահավաքը Facebook-ում: Ես հույս ունեմ, որ ստորագրողները շատ կլինեն, որովհետև դա պետք է: Մեր հասարակությունը պետք է առողջանա: Ինչ է նշանակում գալ ու որտեղ հիմնականում կանայք են լինում քույրերը, բժիշկները ու ինչ-որ քացիներով, բռունցքներով, հայհոյանքներով մտնել հիվանդանոցներ ու լավ տղա երևալ»,- ասել է Սամվել Իսկանյանը:

Նախաձեռնությունը, Իսկանյանի խոսքով, մտահղացել է այն ժամանակ, երբ տեղեկացել է, որ երկու եղբայրներ շտապ օգնության բժիշկների են ծեծել:

«Շտապ օգնության բժիշկ ծեծել հենց աշխատանքի վայրում, դա մաքուր կրիմինալ է: Նրանց պետք է պատժեն, որ որոշ մարդիկ իրենց պահելու ձև իմանան հիվանդանոցներում, բուժհաստատություններում: Աշխատանքի վայրում չի կարելի բժշկին ձեռք տալ: Բժիշկը եկել է  իրենց օգնություն ցույց տա,  փրկի, ոչ թե եկել է, որ իրեն բռնեն ծեծեն: Ընդունված բան է, առաջին դեպքը չի»,- ասել է Իսկանյանը:

Մենք կապվեցինք նաև Թայվանում գտնվող «Մուրացան» հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկայի արյունաբան Գևորգ Թամամյանի հետ, ով Facebook սոցիալական ցանցում կազմակերպել է ստորգրահավաք վերոնշյալ նախաձեռնության համար, որի տակ արդեն ստորագրել է 60 բժիշկ:

«Այսօր բժիշկը ամենաանպաշտպան մասնագիտությունն է դարձել: Մի մարդ, որ ամբողջ կյանքը նվիրում է կյանքեր փրկելուն, այսօր իր կյանքն է վտանգված և

ամենակարևորը` հասարակությունը անտարբեր է նման դեպքերի հանդեպ:

Նույնիսկ այն մարդիկ, որոնց կյանքը բժիշկները փրկել են, որպես կանոն ձայն չեն հանում նրանc պաշտպանելու համար: Անկեղծ ասած, ես դրա համար մեղադրում եմ նաև լրատվամիջոցներին, որովհետև բժիշկներին ներկայացնում են միայն վատ տեսանկյունից: Ինչու չեն ներկայացնում գրոշների դիմաց բժիշկների կատարած անձնուրաց աշխատանքը, փրկած կյանքերի պատմությունները:

Լրագրողները կարող են շատ բան փոխել, և, առաջին հերթին, նրանք պետք է ժողովրդի մեջ արթնացնեն բժշկի հանդեպ հավատն ու հարգանքը, նրանց մասին իրական պատմություններ ներկայացնելով»,- ասել է  Գևորգ Թամամյանը:

Նա չի բացառել, որ բժիշկների շրջանում, ինչպես և բոլոր ոլորտներում, անխիղճներ կան, բայց նրանց հետ կապված դեպքերի մեծ մասում տուժում եմ նորմալ  բժիշկները:

«Բժշկի սխալի մասին պետք է եզրակացություն տան բժիշկները, մասնագետները, ոչ թե այն մարդիկ, որոնք ոչինչ չեն հասկանում բժշկությունից: Oրինակ, ես ինչպես կարող եմ քննադատել ինժեների աշխատանքը, եթե չեմ հասկանում ինժեներիայից:

Շատ լավ կլինի, որ այս նախաձեռնության արդյունքում լրատվամիջոցները գրեն իսկական նվիրյալ բժիշկների մասին: Դա շատ մեծ օգուտ կտա հենց ժողովրդին, որովհետև դրա արդյունքում բժիշկները կձգտեն մնալ իրենց հարգող և սիրող ժողովրդի մոտ, ոչ թե այդ ամենը կփնտրեն օտար երկրներում»,- նշել է  Գևորգ Թամամյանը:

Իսկ ինչ վերաբերում է նրան, թե կդառնա արդյոք այս նախագիծը օրենք, թե ոչ, Թամամյանն ասել է, որ առաջին քայլն արվել է, մնում են հետագա քայլերը և որքան արձագանքը մեծ լինի, այնքան ավելի շուտ ամեն ինչ կստացվի:

Tekali Taxi