Home / Հայաստան / Այս տարի Հայաստանում ծիրանը նախորդից 5 անգամ շատ է մթերվել

Այս տարի Հայաստանում ծիրանը նախորդից 5 անգամ շատ է մթերվել

Այս տարի հուլիսի 17-ի դրությամբ Հայաստանում մթերվել է 5306 տոննա ծիրան, իսկ  նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մթերումը կազմել է 936 տոննա: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է Գյուղատնտեսական նախարարության Ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը:

Այն հարցին, թե արդյոք մթերման ընթացքում վճարման հետ կապված խնդիրներ չեն առաջանում գյուղացիների և մթերող կազմակերպությունների միջև, Ղազարյանն ասել է, որ գյուղացիները մթերքը հանձնելուց պայմանագիր են կնքում և իրենք պարտավոր են այդ պայմանագրով ֆիքսել վճարման ժամկետը և ըստ դրա առաջնորդվել: Եթե նման խնդիրներ առաջանում են, ապա նախարարության աշխատակցի խոսքով դա գյուղացիների թերացումն է:

«Բողոքներ չենք ստացել, ու ինձ թվում է նման խնդիր չկա, որովհետև եթե լիներ բողոքներ, հաստատ կիմանայինք»,- խոսելով այս տարվա մասին, այնուամենայնիվ, ասել է Գևորգյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ այս տարի ծիրանի մթերման գները եղել են 80-ից 400 դրամ, կախված թե ինչի համար և ինչ որակի ծիրան են մթերել:

«Մասսայական մթերումը, որը գնում է խյուսի խտանյութի և օղու համար` 80- 100 դրամ է եղել, իսկ մուրաբաների, ջեմերի, կոմպոտների համար որակյալ ծիրանը մինչև 400 դրամ է եղել», – ասել է Գևորգ Ղազարյանը:

Վերջինս նաև տեղեկացրել է, որ այս տարի հուլիսի 17-ի դրությամբ արտահանվել է 10 494 տոննա ծիրան, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 6576 տոննայի դիմաց: Ծիրանի մթերումն ու արտահանումը դեռ շարունակվում է: Ղազարյանի գնահատմամբ  այս տարի բերքը լավ էր, այդ պատճառով թվերը մեծ էին:

Մթերման վերաբերյալ Epress.am-ը զրուցել է նաև Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչ Սուրիկ Կիրակոսյանի հետ, ով արդեն տասը տարի շարունակ իր ծիրանը մթերում է Արտաշատի պահածոների գործարան: Ու թեև ոչ մի անգամ պայմանագիր չի կքնել, բայց երբևէ խնդիր չի առաջցել մթերողների հետ և այդ վստահության պատճառով էլ պայմանգիր չի կնքում:

«Ես պայմանագիր չունեմ, մտավախություն էլ չունեմ, որ խնդիր կառաջանա, առաջին տարին չի: Մթերումը նորմալ էր իրականացվում, բարձր մակարդակով ընդունում, ճանապարհում են: Ես գոհ եմ: 3 տոննա եմ հանձնել: Բերքն այս տարի անհամեմատ ավելի լավ էր, ցրտահարություն, կարկտահարություն չեղավ: Մեր գյուղի ժողովուրդն էլ աշխատող ժողովուրդ է, այս տարի էլ ահագին հավաքեցինք մեր գյուղից, արտահանեցինք», – ասել է Կիրակոսյանը:

Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչներից էլ տեղեկացանք, որ այս տարի իրենց գյուղում, ինչպես նաև Մասիսի շրջանի այլ գյուղերում ցրտահարություն է եղել և շատ քիչ բերք են ունեցել: Մարմարաշենից այս տարի գյուղացիները  մթերում չեն արել: Այն դիտարկմանը, թե մարզի այլ հատվածներում ծիրանի բերքն անհամեմատ ավելի լավ  է եղել, մարմարաշենցիներն ասել են, որ իրենց տարածքը փոսային հատվածում է, այդ պատճառով էլ ծիրանը ցրտահարվել է:

Tekali Taxi