Home / Հայաստան / Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը կողմնորոշվել են Գյումրիի քաղաքապետի հարցում. աղբյուր

Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը կողմնորոշվել են Գյումրիի քաղաքապետի հարցում. աղբյուր

Գյումրիի գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ցանկանում է կրկին առաջադրվել այդ պաշտոնում: ՀՀԿ-ն, սակայն, նրան համառորեն «դաբրո» չի տալիս, գրում է «Հայկական ժամանակը»:

Թերթը հիշեցնում է, որ այդ պաշտոնին հավակնում է նաև «Բարգավաճ Հայաստանը», որի թեկնածուներն են մեծամասնական ընտրակարգով Գյումրին ընդգրկող թիվ 34 ընտրատարածքից պատգամավոր դարձած ԲՀԿ անդամ Մարտուն Գրիգորյանը, կրկին մեծամասնականով թիվ 35-ից պատգամավոր դարձած ԲՀԿ անդամ Սամվել Բալասանյանը և Գյումրիի մանկավարժական համալսարանի ռեկտոր, ԲՀԿ անդամ Վարդևան Գրիգորյանը:

ԲՀԿ-ից պնդում են, որ Գյումրիի քաղաքապետի թեկնածուի հարցը դեռ չեն քննարկել, նույնը պնդում են նաև ՀՀԿ-ից: Թերթի իշխանական աղբյուրները, սակայն, հայտնում են, որ Սերժ Սարգսյանն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը արդեն համաձայնության են եկել թեկնածուի շուրջ, և այդ թեկնածուն Սամվել Բալասանյանն է: Ինքը՝ Բալասանյանը, թերթի թղթակցի հարցին՝ ճի՞շտ է, որ դուք եք լինելու Գյումրիի քաղաքապետի թեկնածուն, պատասխանել է.

«Նախնական որոշում չկա, երբ լինի, կհայտարարվի ԲՀԿ-ի կողմից, մինչև չլինի՝ ո՞նց ասեմ: Եթե որոշեն, կլինեմ, ի՞նչ է եղել»: Շաբաթներ առաջ «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում Գյումրիում առաջադրվելու պատրաստականություն էին հայտնել նաև Մարտուն Գրիգորյանն ու Վարդևան Գրիգորյանը: Սերժ Սարգպանի համար, սակայն, նախընտրելի թեկնածու է Սամվել Բալասանյանը, հայտնել է թերթի աղբյուրը: Նա համարվում է Սարգսյանի մարդը ԲՀԿ-ում:

«Խաղը» այստեղ ուշագրավ է նրանով, որ Գյումրիում, ինչպես հայտնի է, խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաղթել Էր ԲՀԿ-ն. եթե Սամվել Բալասանյանը սեպտեմբերի 23-ին կայանալիք ընտրություններում դառնա Գյումրիի քաղաքապետ, կստացվի, որ Աժ ընտրություններից մոտ 4 ամիս անց՝ այնտեղ կրկին հաղթեց ԲՀԿ-ն, ինչը և պահանջում է տրամաբանությունը: Բայց ամբողջ խնդիրն այն է, թե ով է հաղթող անձը` Սերժ Սարգսյանի՞, թե՞ Գագիկ Ծառուկյանի ենթական, գրում է «Հայկական ժամանակը»:

Tekali Taxi