Home / Հայաստան / Քաղաքացիական նախաձեռնությունը չի ուղղորդվում քաղաքական ուժերի կողմից, պնդում են ակտիվիստները

Քաղաքացիական նախաձեռնությունը չի ուղղորդվում քաղաքական ուժերի կողմից, պնդում են ակտիվիստները

«Պահանջում ենք պատժել Հարսնաքարում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը հայտարարել է, որ շարժման մեջ քաղաքական ուժեր չեն կարող խառնված լինել: Սանասարյանն անդրադարձել է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի խոսքերին, ով երեկ Epress.am-ի հետ զրույցում  նման կասկած է հայտնել:

«Քաղաքական ուժերը չեն կարող խառնված լինել, քանի որ մենք ենք մերժում կուսակցական միջամտությունները: Քաղաքական ուժերի ներկայացուցիչները նախաձեռնության անդամ են, և միևնույն ժամանակ կուսակցության անդամ լինելով`  նրանք չեն դադարում Հայաստանի քաղաքացի լինել: Ես չեմ կարողանում հասկանալ այդ արհեստական բաժանումները: Ինքս կուսակցական եմ, բայց մինչ օրս ոչ ոք գոնե հրապարակային ինձ չի կապել կուսակցական շահեր հետապնդելու մեջ, քանի որ ինքս իմ քայլերով նման շահարկումների տեղ չեմ թողել: Այսքանից հետո ավելացնելու բան չունեմ, թող պարոն Դանիելյանը մնա իր համոզմունքներին, դրանից քաղաքացիական հասարակությունը չի տուժի», – Aravot.am-ի հետ զրույցում ասել է Սանասարյանը:

Նա նշել է, որ իրենց քայլերը ուղղված չեն նրան, որ Դանիելյանի մոտ հավատ կամ վստահություն ներշնչեն:

«Մեզ համար այս պահին ամենակարևոր հարցը միջադեպի իրական մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցն է: Մինչև Ռուբեն Հայրապետյանի մանդատի վայր դնելը՝ որոշ բախտագուշակներ մեր պահանջներից մեկի վերաբերյալ նույնպես ասում էին, որ ոչ մի բան էլ չի լինի, վայր չի դնի: Վստահ եմ, որ հեռու չէ այն օրը, երբ պարոն Դանիելյանը կվերընթերցի իր հարցազրույցները և ափսոսանք կապրի:

Գիտեք, եթե այդ տրամաբանությունից դուրս գանք, որ նախկինում ինչ եղել է՝ նման արձագանք չի եղել, նշանակում է մենք զարգանալու տեղ չունենք, մենք միշտ պետք է մնանք հին ու կոտրված տաշտակին: Կարող ենք ասել 37 թվին բարբարոսությունների շարք է եղել, ինչո՞ւ չենք պայքարել, կամ ասենք մեզ մեղադրեն 90-ականներին լռության մեջ: Այո, եթե նախորդած դեպքերի դեմ կանգնեինք՝ Վահեի դեպքը չէր լինի: Բայց մենք ուզում ենք, որ այլևս չկրկնվեն այս ցավոտ դեպքերը, ինձ համար կապ չունի թե Գագիկ Ծառուկյանի անվտանգության աշխատակիցներն են հանցագործները, Սերժ Սարգսյանի, թե Ռուբեն Հայրապետյանի: Հանցագործը հանցագործ է,  և ոչ մի կապ չունի, թե որ կուսակցության ներկայացուցիչ կամ հովանավորյալ է», – ասել է  Սանասարյանը:

Ի պատասխան պարոն Դանիելյանի տեսակետին` նույն շարժման անդամ Զառա Հովհաննիսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասել է. «Ակտիվիզմը զարգանում է այն ժամանակ, երբ մասսայական խեղդվում է մարդու գործունեությունն ու տարբեր իրավունքներ:  Մեր երկրում արդարադատությունն իր գործառույթը չի կատարում, այդ պատճառով էլ ամբողջ հասարակությունը արտահայտում է իր անհամաձայնությունը նման գործելաոճի վերաբերյալ: Կոնկրետ Ռուբեն Հայրապետյանը  պետական այր է, ՀՀԿ անդամ, նրա գործունեությունը բոլորը գիտեն, նրա բռնության քարոզը միշտ հեռսուստատեսությամբ ու հնարավոր մասսայական վայրերում նկատվում է: Եթե հասարակությունը քաղաքացիական շարժում է սկսել նման ապրելակերպի դեմ, չեմ կարծում՝ պարսավելի է, ու  մարդու իրավունքների ցանկացած պաշտպան պետք է ողջունի նման քայլը»:

Նա  բացառել է, որ քաղաքացիական նախաձեռնություններն ուղղորդվում են  քաղաքական ուժերի կողմից.

«Սա,  կազմակերպված գործողություն է… ժողովուրդը զրկված է ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու հնարավորությունից դա հիմա հնարավոր է միայն հասարակական շարժումների, կարծիքների ձևավորման միջոցով. Պետք է  ստեղծել մի իրավիճակ, որով ամենաթողության մթնոլորտը հաղթահարվի»:

Tekali Taxi