Home / Հայաստան / Բնակիչները բողոքում են նախագահականի մոտ. դեմ են «հանրային իրացման գոտի» դրույթին

Բնակիչները բողոքում են նախագահականի մոտ. դեմ են «հանրային իրացման գոտի» դրույթին

Երևանի Պռոշյան փողոցի նրբանցքի մոտ 200 ընտանիքներ պահանջում են իրենց տների սեփականության վկայականներից հանել «հանրային իրացման տարածք» գրառումը: Նրանք պնդում են, որ այդ տարածքում կառուցապատելու ժամկետը լրացել է, շինարարություն չի կատարվել, իսկ իրենք այժմ չեն կարողանում տները վաճառել կամ այլ գործարքներում օգտագործել:

Իրենց խնդիրը բարձրաձայնելու համար բնակարանատերերն այսօր բողոքի ակցիա են անցկացրել նախագահական նստավայրի մոտ:

Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով` տարածքը համարվել է հանրային գերակա շահ 2003 թվականին, և կառուցապատման իրավունքը տրվել է Հ2 հեռուստաալիքի սեփականատեր, գործարար Սամվել Մայրապետյանի «Լոքալ դեվելոփըրզ» ընկերությանը, ով պարտավորվել է նոր բնակելի շենքեր կառուցել և հանձնել նրբանցքի բնակիչներին, իսկ նրանց տների փոխարեն կառուցել առանձնատներ: Ըստ բնակիչների, այդ վայրում նախատեսվում էր պաշտոնյաների թաղամաս ստեղծել: Սակայն շինարարություն չի կատարվել, իսկ ժամկետը լրացել է 2011թ. դեկտեմբերին:

Բնակիչները պահանջում են, որ իրենց սեփականության իրավունքը ճանաչվի, որպեսզի իրենք կարողանան վերանորոգումներ կամ ձևափոխումներ կատարել տանը, ցանկության դեպքում վաճառել, բանկում գրավ դնել և այլն:

«Մենք չենք կարողանում մի պատ շարել, մեր տղաներն ու աղջիկները մի սենյակում են քնում: Չենք կարողանում, որովհետև գործողություն կատարելու դեպքում փոխհատուցում չենք ստանա: Մեզ թույլտվություն չեն տալիս», – Epress.am-ին ասել է Պռոշյանի նրբանցքի բնակիչներից մեկը:

Բնակիչների իրավաբան Սամվել Մկրտչյանի խոսքով` անհրաժեշտ է, որ «հանրային իրացման տարածք» դրույթը սեփականության թղթերից հանվի: Նա նաև ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը թույլ է տվել բազում սխալներ, որոնք պետք է ուղղվեն, օրինակ, անուններ են սխալ գրվել:

«Եվ վերջապես՝ բանկը փորձում է արժեզրկել մեր տները, ասում են, քանի որ հանրային տարածքի տները կարող են բռնագրավվել, դրանց գները շուկայականից ցածր է գնահատում բանկը, սակայն, ըստ օրենքի, նման սկզբունք չի կարող կիրառվել»,- ասել է Սամվել Մկրտչյանը:

Tekali Taxi