Home / Հայաստան / «Դուք օգտագործվում եք, տղերք». Արամ Մանուկյանը դիմել է ոստիկաններին

«Դուք օգտագործվում եք, տղերք». Արամ Մանուկյանը դիմել է ոստիկաններին

ՀՀՇ վարչության նախագահ, ՀԱԿ ԱԺ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ամաչում է ոստիկանների համար, «էն տղերքի համար, որ փոխանակ հանցագործների դեմն առնեն, փոխանակ «Հարսնաքարի» այլանդակությունների դեմն առնեն, փոխանակ զինվորների սպանությունների դեմն առնեն, քաղաքացու դեմն են առնում»:

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում, Կոնգրեսի չորս ակտիվիստների դատավճռի հրապարակումից հետո Մանուկյանը նման խոսքերով դիմել է հավաքված ոստիկաններին:

«Դուք օգտագործվում եք, տղերք, ափսոս եք: Դուք հանցագործության դեմ պայքարելու փոխարեն, պայքարում եք քաղաքականների դեմ, այսպես չի կարող  լինել, ով գնում է էս ճանապարհով, կործանվելու է: Հայաստանը լքում են դրա համար, անարդարության համար: Էն մեծ, աղմկոտ սպանությունները ստվերում են մնացել, ու տղերքը, որ գրագետ քաղաքական ելույթ են ունենում… ամբողջ ուժով հարձակվել եք նրանց վրա, չի կարելի, էսպես չի լինի: Ես հայտարարում եմ` այսօրվանից դիմում եմ գրելու բոլոր այն միջազգային կառույցներին, որոնց անդամ է  Հայաստանը, որի անդամ է ՀՀՇ-ն: Եվրոպական բոլոր ուժերը, ես խոստանում եմ,  Տիգրանի ազատման գործընթացին են ներգրավվելու: Ես հույս ունեի, որ խոհեմություն կունենաք,  մի քիչ սառը ուղեղ կունենաք էս ձևի հիմարություն չանելու համար», – ասել է Արամ Մանուկյանը:

Նա նշել է, որ 3 օր առաջ է վերադարձել Վրաստանից, որտեղ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի լիբերալ կուսակցությունները հանդիպել են և վերահաստատել պատրաստակամությունը պայքարել քաղբանտարկյալների համար: Նա նշել է, որ սկսել է գործ անել Ադրբեջանի քաղբանտարկյալների համար, և «գալիս եմ Հայաստան, ու այս ձևի ապուշ վճռի առաջ եմ կանգնում»:

«Մենք շարունակելու ենք` և’ ՀԱԿ-ը, և’ այն մարմինը, որի անդամ է ընտրված Տիգրան Առաքելյանը (նկատի ունի ՀՀՇ-ն): Պայքարելու ենք, Հայաստանում  քաղբանտարկյալ չի լինելու, և մենք կապացուցենք դա: Էնտեղ դատախազ չկար: Թքել եմ այն մարդկանց վրա, ովքեր հայ են կոչվում ու սենց պատվեր են կատարում` իրավաբանությունը մոռացած: Չկա իրավաբանություն: Ոչ դատախազություն, ոչ դատարան, ոչ իրավաբանություն, զրո է, այդ զրոն կլցնենք մեր արդարությամբ, մեր պայքարով, կտեսնեք, որ էդպես է լինելու»,- հավելել է Արամ Մանուկյանը:

Tekali Taxi