Home / Հայաստան / Սիրիահայերը ծանր կացության մեջ են, Հայաստանից օգնություն են խնդրում

Սիրիահայերը ծանր կացության մեջ են, Հայաստանից օգնություն են խնդրում

Սիրիահայ համայնքը, ինչպես ողջ Սիրիան, խուճապի մեջ է, և այդ երկրում բնակվող հայերից շատերը մտածում են արտագաղթելու մասին: Նրանց մեծ մասն իր հանգրվանը տեսնում է Հայաստանում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է սիրիահայ գրող Տիգրան Գաբոյանը: Տեղեկացնենք, որ սիրիահայերից շատերն արդեն եկել են Հայաստան, սակայն ընդամենը 30 հոգի է կացարան ստացել, մի մասը` ապրում է վարձով, մյուսները` բարեկամների մոտ:

Սիրիահայերը խնդրում են Հայաստանի կառավարությանն օգնել իրենց, մասնավորապես, ըստ բանախոսի, դիմել են, որպեսզի մուտքի վիզան սահմանին տրվի, մինչդեռ այժմ Սիրիայում Հայաստանի դեսպանատունը և հյուպատոսարանն են տալիս վիզաներ, իսկ այդ գործընթացը տևում է օրեր: Գաբոյանը նշել է նաև, որ իրենց համար Հայաստան գալու խնդիր է նաև տոմսերի թանկությունը և այն, որ մինչ սեպտեմբեր չվերթների տոմսերը արդեն սպառված են:

Գրողի խոսքով` Սփյուռքի նախարարությունը դիմել է «Արմավիա» ընկերությանը չվերթների թիվը շատացնելու ու տոմսերի գները իջեցնելու խնդրանքով, սակայն «Արմավիան» բացասական պատասխան է տվել:

Գաբոյանն ասել է, որ սիրիահայերի մեծ մասը` մոտ 35.000, Հալեպում է ապրում և հավանական է, որ նրանք ավելի տուժեն, եթե հեղափոխություն լինի: Գրողը, սակայն, լավատեսություն է հայտնել` նշելով, որ հայ համայնքը իսլամիստների իշխանության գալով մեծ կորուստներ չի կրի, երբ անցումային շրջանը հաղթահարվի:

Tekali Taxi