Home / Հայաստան / Ծեծված կնոջ ամուսնուն պաշտպանողները դատարանի մոտ հիշել են Անժելա Սարգսյանին. «գլխին ոնց սարքեցին». ՖՈՏՈՇԱՐՔ

Ծեծված կնոջ ամուսնուն պաշտպանողները դատարանի մոտ հիշել են Անժելա Սարգսյանին. «գլխին ոնց սարքեցին». ՖՈՏՈՇԱՐՔ

Կնոջը` Մարիամ Գևորգյանին դաժան ծեծի ենթարկած Դավիթ Զիրոյանն այսօր Արտաշատի դատարանի առջև կազմակերպված ակցիայի ժամանակ հայտարարել է, որ «Ընդդեմ Կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» տարածած լուսանկարը, որտեղ պատկերված են ինքն ու իր առաջին կին Մելինե Բայաթյանը, «ֆոտոշոփով է սարքած» և ինքը դրա հեղինակների դեմ դատական հայց է ներկայացնելու:  Մինչ նման հայտարարություններ էին արվում դատարանից դուրս ակցիա անող երկու խմբերի՝ Մարիամ Գևորգյանի հարազատների, կանանց իրավունքները պաշտպանող կոալիցիայի անդամների և մյուս կողմից՝ ըստ մեղադրանքի՝ նրան ծեծած ամուսնու ու սկեսրոջ հարազատների միջև, դատարանի ներսում ընթանում էր գործով հերթական փակ դատավարությունը:

Սկեսուրին պաշտպանողները ասում էին, որ Մարիամին «վարդի պես են պահել», սակայն նա փորձում է հիմա վրեժ լուծել Զիրոյաններից, «գործ սարքել նրանց գլխին», քանի որ Դավիթը ուզել է բաժանվել նրանից: Ըստ Զիրոյանի հարազատների` կինը ինքն է իրեն արդուկով վառել:  Նրանք չէին ցանկանում խոսել Epress.am-ի թղթակցի հետ ` պատճառաբանելով, որ չեն վստահում լրատվամիջոցներին: «Մելինեն երբեք չի ասել, որ իր աչքը ծեծից է վնասվել: Ութ տարեկան է եղել, երբ հայրը սվառկա անելուց վնասել է: Դավիթը երբեք չի ասել, որ կանանց ծեծել է: Ինչ ուզում՝ գրում են: էն լավ դերասանուհու` Անժելա Սարգսյանի գլխին ոնց սարքեցին»,-ասել է Զիրոյանի հարազատներից մեկը:

Միևնույն ժամանակ, «Ընդդեմ Կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» անդամները դատարանի մոտ իրազեկման ակցիա էին անցկացնում: Նրանք անցորդներին բաժանում էին գործի մասին նյութեր, կրում էին «ոչինչ չի արդարացնում բռնությունը», «պատառաքաղ` սպասք, ոչ թե զենք», «պատժել բռնարարներին» գրառումներով պաստառներ:

Իրազեկման ակցիայի դեմ դուրս էին գալիս Զիրոյանի երիտասարդ հարազատները: Նրանցից մեկը ասել է՝ «Տղամարդ է, իր կնոջն է ծեծել», մյուսը, թե «Ես էլ նման կին ունենայի, կծեծեյի»:

«Խնդիրը, փաստորեն, ավելի լուրջ է, քան մենք մտածում էինք: Ու ավելի կարևոր է դառնում մեր ակցիան: Շատ կանայք են ընտանեկան բռնության ենթարկվում, նրանցից շատերը լռում են, որովհետև վախենում են, ամաչում են: Պետք է հենց այս երիտասարդներն էլ հասկանան, որ սեփական կնոջը կամ որևէ այլ մեկին ծեծելու իրավունք չունեն:  Դա նորմալ չէ: Նրանցից ոմանք նույնիսկ տեղյակ չեն գործից, բայց եկել են, պաշտպանում են դաժան ամուսնուն ու սկեսրոջը»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է ակտիվիստ Լարա Ահարոնյանը:

Լուսանկարները՝  «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի»

Tekali Taxi