Home / Տեսանյութեր / ԱՄՆ-ն մտավախություն ունի, որ Հալեպում թեժ մարտեր են սպասվում

ԱՄՆ-ն մտավախություն ունի, որ Հալեպում թեժ մարտեր են սպասվում

Ամերիկայի Միացյալ Նահանգները մտավախություն ունեն, որ Սիրիայի կառավարական զորքերը պատրաստվում են սպանդ իրականացնել երկրի խոշորագույն քաղաքում` Հալեպում, որտեղ ապրում են նաև մեծ թվով հայեր: Ըստ ԱՄՆ Պետդեպի` քաղաքի մոտ զրահապատ մեքենաների, ռազմական ինքնաթիռների և ուղղաթիռների կուտակումները վկայում են լայնածավալ ռազմական գործողությունների անխուսափելիության մասին: Սիրիայի ապստամբները, իրենց  հերթին, հարստացնում են զենքի և դեղամիջոցների պաշարները` պատրաստվելով երկու միլիոն բնակչություն ունեցող Հալեպում ունեցած իրենց դիրքերի վրա սպասվող հարձակումներին:

ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդի խոսքով ` Սիրիայում հակամարտության թեժացում է սպասվում:

«Մեր սրտերը Հալեպի բնակիչների հետ են: Այն, ինչ կատարվում է այնտեղ, կործանման դատապարտված ռեժիմի կողմից իշխանությունը պահպանելու փորձ է»,-ասել է Նուլանդը:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Վաշինգտոնը չի միջամտելու սիրիական հակամարտությանը և սահմանափակվելու է 16 ամիս շարունակ երկրի նախագահ Բաշար Ասադի ռեժիմը կործանել փորձող ապստամբներին ոչ ռազմական օգնություն տրամադրելով:

BBC-ի փոխանցմամբ` հազարավոր բնակիչներ արդեն լքել են Հալեպը` վախենալով մոտակա օրերին քաղաքի կենտրոնում հնարավոր լայնածավալ մարտետրից:

Նշենք, որ երեկ հայկական ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ «Արմավիա» ավիաընկերությունը պատրաստ է բացել շաբաթական երկրորդ չվերթը դեպի Սիրիա, իսկ դրանց տոմսերը գրեթե անվճար կլինեն:

«Արմավիայի» մամուլի ծառայությունից փոխանցել էին, որ այս պահին ավիաընկերությունը բանակցում է ՀՀ Կառավարության և Սփյուռքի նախարարության հետ և համապատասխան աջակցության դեպքում չվերթը չի ուշանա:

Tekali Taxi