Home / Հայաստան / Սիրիահայերը «անտեր» են, իսկ Սփյուռքի նախարարությունը «տաշիտուշային» ծրագրեր է իրականացնում

Սիրիահայերը «անտեր» են, իսկ Սփյուռքի նախարարությունը «տաշիտուշային» ծրագրեր է իրականացնում

Արաբական երկրների վերջին 1,5 տարիների ընթացքը և հատկապես Սիրիայում ներկայումս ծավալվող քաղաքական հեղաբեկումները ակնհայտ են դարձնում ՀՀ պաշտոնական մարմինների ու կազմակերպական կառույցների կրավորականությունը և անհամապատասխանությունը հայության առջև կանգնած մարտահրավերների մասշտաբին:  Այս մասին ասված է  «Սարդարապատ» շարժման տարածած հայտարարության մեջ, որն այսօր լրագրողների հետ ահնդիպմանը ներկայացրել է շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը:

Հայտարարության հեղինակները նշում են, որ «Հայկական աշխարհի» և «Արի տուն»,  այսպես կոչված, ծրագրերի մասին բարձրագոչ հայտարարությունները պայթող փուչիկների նման առ ոչինչ են դառնում վերջին մեկ տարվա ընթացքում սիրիահայության նկատմամբ  «ազգային ավիափոխադրիչ» «Արմավիա» ընկերության դրսևորած վարքագծի և այդ երևույթի նկատմամբ պաշտոնական շրջանների պիղատոսյան անգործության և լռության խորապատկերի վրա:  Հայտարարության հեղինակները կարծում են, որ միայն հանրային ճնշման ազդեցության տակ հնարավորչ եղավ այս հարցում բեկում մտցնել:

Ասուլիսին ներկա  «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանն էլ  հիշեցներ է, որ հայության գործոնը Միջին Արևելքի ներսում բավական մեծ է, սակայն այս գործոնը, դժբախտաբար, միշտ օգտագործվել է  օտարի կողմից:

«Կարծում եմ` եկել է  ժամանակը, հայ քաղաքական մտքի` սթափվելու և զարթնելու և տեր կանգնելու  ինքը իր իրավունքներին: Այսինքն` այսօր գլխավոր խնդիրը կոնկրետ Սիրիայում ես տեսնում եմ, որ մեր ժողովուրդը անտեր վիճակում է: Առաջին հերթին, այս խնդիրը պետք է լուծել: Եվ տեղի հայությունը, և այսօրվա հակամարտող կողմերի  ղեկավարությունները պետք է շատ լավ հասկանան, որ Սիրիայի քաղաքացի հայերը ունեն տեղ: Առիթից օգտվելով  խոսքս ուղղելով երիտասարդությանը՝ պետք է ասեմ, որ  այդ բարդույթից մենք պետք է դուրս գանք, որ մենք փոքր պետություն  ենք, քիչ ենք՝ ինչ կարող ենք անել: Եթե մենք այսօր ունենայինք պետություն և այսօր այդ պետությունը վարեր արտաքին  ակտիվ քաղաքականություն, մենք այսօր նստած էինք լինելու մի մեծ միջինարևելյան բանակցություների գլխավորների սեղանի շուրջ, այսինքն`  գերտերություններ՝ գումարած ՀՀ ներկայացուցիչն էր  նստելու այնտեղ»,- ասել է Ժիրայր Սեֆիլյանը:

Ասուլիսին ներկա կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանն էլ իր կարծիքը հայտնելով Սփյուռքի նախարարության պահվածքի մասին՝ ասել է. «Եթե ես լավ եմ հիշում, մենք ունենք Սփյուռքի նախարարություն, եթե ես լավ եմ հասկանում, սիրիահայությունը սփյուռք է: Փոխանակ «Արի տուն» տաշիտուշային ծրագրեր անեն, Սփյուքռի նախարարը հիմա, կոպիտ ասած, պետք է գիշեր-ցերեկ լիներ այնտեղ: Ինչի՞ համար է ստեղծվում նման նախարարություն»:

Tekali Taxi