Home / Հայաստան / Հայաստանում հազարավոր տաքսի ծառայություններից միայն 3-ն են բարեխիղճ. մոնիտորինգ

Հայաստանում հազարավոր տաքսի ծառայություններից միայն 3-ն են բարեխիղճ. մոնիտորինգ

Այսօր Հայաստանում գործող հազարավոր տաքսի-«սերվիսներից» ընդամենը 3-ն են ուղևորներին բարեխիղճ ծառայություն մատուցում, քանի որ լիցենզիա ստացած մոտ 3000 տաքսի-ծառայություններից հենց այդ 3-ն են Չափագիտության ազգային ինստիտուտում իրենց հաշվիչները ստուգաչափման ենթարկել: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանը: Նրա ներկայացմամբ` ամեն օր իրենց թեժ գծով բողոքներ են ստանում տարբեր տաքսի-ծաոայություններից և ամենօրյա մոնիտորինգ են անցկացնում:

Տաքսիների հաշվիչի խախտումն անգամ անզեն աչքով է տեսանելի. 500-600 դրամ սահմանած նվազագույն գումարը, որը պետք է գործի 6 կիլոմետրի դեպքում, հաշվիչներն իրենց ցուցմունքները միանգամից փոխում են, և գրանցում է 7 կիլոմետրին համարժեք գումար: Մյուս տարածված խախտումներից էլ, որը տաքսիներից օգտվողը նկատած կլինի, հետևյալն է. տարբեր մեքենաների հաշվիչը նույն կիլոմետր տարածության համար մոտ 300 դրամ ավելի կամ պակաս է ցույց տալիս: Ուղևորների դժգոհություններին ի պատասխան` վարորդներն արդարանում են` «Մենք կապ չունենք, սերվիսի տերերն են անում»:

Տեսչության պետն «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրել է, որ տաքսի-ծառայությունները գործունեության լիցենզիա ստանալուց հետո պետք է հաշվիչներն ինքնակամ ներկայացնեն ստուգաչափման, ինչը, փաստորեն, 2000-ից ավելի ծառայություններ չեն կատարել: Սա մեկ բացատրություն ունի, եթե ստուգաչափվեն, ուրեմն ձախ եկամուտներ չեն ունենա: Իսկ թե ինչո՞ւ օրենքը խախտած ծառայությունները պատասխանատվության չեն ենթարկվում, պարոն Խալիկյանն ասել է. «Տեսչությունն ընդամենը 41 աշխատակից ունի, և բազմապրոֆիլ մոնիտորինգներ ենք կատարում, ուստի հանրապետության ողջ տարածքում գործող 3000 տաքսի-ծառայություններին կարճ ժամանակում ուսումնասիրել ու խախտումները հայտնաբերելը բարդ և ժամանակի հետ կապված խնդիր է»:

Ըստ տեսչության պետի` 1 տարվա ընթացքում մոտ 300 տաքսի-ծառայություններ են հասցրել ուսումնասիրել. «Ներկայումս մենք տուգանքներ ենք նշանակում այն սերվիսներին, որոնց հաշվիչները ստոպաչափված չեն, և եթե պարզվի որ տուգանվելուց հետո հաշվիչները չեն ստուգվել, նրանց գործունեությունը կկասեցվի»: Տուգանքի ծավալն էլ, ըստ տեսչության պետի, 100-ից 300 հազար դրամ է: Տաքսի-ծառայություններից ոչ պակաս կեղծարարություններ են տեղի ունենում ոսկու մանրածախ շուկայում, եթե տաքսիների պարագայում սպառողը 300-500 դրամի վնաս է կրում, ապա ոսկի գնելու կամ վաճառելու դեպքում` մի քանի հազար դրամ: Ոսկի գնելիս սպառողն անգամ վստահ չէ, թե իր գնած ասենք` 5 գրամ ոսկու քանի տոկոսն է իրականում թանկարժեք մետաղ կամ բարձր որակի: «Ստեղծվել է բավականին լրակազմ լաբորատորիա, որը թույլ է տալիս որոշելու ոսկու հարգն ու հարգադրոշմը: Արդեն կարող ենք տեղում մի քանի ժամվա մեջ տալ բոլոր տիպի անալիզների պատասխանները: Մեր տեսչության կառուցվածքային փոփոխությունից հետո մոնիտորինգի բաժին է ստեղծվում, նոր մասնագետներ ենք ներգրավում, որը պետք է զբաղվի ոսկու շուկայի ուսումնասիրությամբ: Առաջիկայում կսկսվեն մանրակրկիտ ստուգումները, շուկան ամբողջությամբ վերահսկվելու է»:

Tekali Taxi