Home / Հայաստան / Ալիևները 20,000 դոլար են «խլել» ամեն մի ադրբեջանական ընտանիքից

Ալիևները 20,000 դոլար են «խլել» ամեն մի ադրբեջանական ընտանիքից

Ադրբեջանի «Հասարակական պալատ» ընդդիմադիր ուժերի միավորումը քննարկումներ է անցկացրել Ադրբեջանից դեպի օֆշորային գոտի 48 մլրդ դոլարի չափով ապօրինի փոխանցումների մասին Միջազգային մոնիթորինգային Tax Justice Network կազմակերպության կողմից հրապարակված զեկույցի վերաբերյալ, հայտնում է contact.az-ը:

«Եվ մեկ անգամ օֆշորի մասին» զեկույցը հրապարակվել էր դեռ նախորդ շաբաթ: Երեքշաբթի «Հասարակական պալատը» քննարկել է 48 մլրդ. դոլարը երկիր վերադարձնելու ուղիները:

«Սկզբում արտասահմանյան ԶԼՄ-ները հաղորդեցին Ադրբեջանի նախագահի 14-ամյա որդու կողմից Դուբայում 75 մլն դոլար ընդհանուր արժողությամբ 9 առանձնատների ձեռքբերման մասին: Այնուհետև ԶԼՄ-ները գրեցին այն մասին, որ «Չովդար» ոսկու հանքը փոխանցվել է իշխող ընտանիքին (նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքը) պատկանող ընկերություններին:

Այժմ երկրից 48 մլրդ. դոլարի փոխանցումը օֆշորային տարածք իր արտացոլումն է գտել միջազգային հեղինակային կառույցի զեկույցում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխող ընտանիքին են պատկանում բազմաթիվ բանկեր, անշարժ գույք, բիզնեսի եկամտաբեր ոլորտներ, խոսքը գնում է 48 մլրդ դոլարը գերազանցող գումարի մասին»,-պատմել է Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին:

Նրա հաշվարկներով, եթե 48 մլրդ դոլարը բաժանվի Ադրբեջանի բնակչությանը, ապա ամեն մի քաղաքացուն 5300 դոլար բաժին կհասնի: Իսկ, եթե այդ նույն գումարը բաժանվի ընտանիքների թվի վրա, ապա յուրաքանչյուրը 20,000 դոլար կունենա:

Տնտեսագետ Գուբադա Իբադօղլուի կարծիքով Tax Justice Network-ի հաշվարկները բավական համեստ են, և իրականում օֆշորային գոտի է տեղափոխվել շատ ավելի մեծ գումար:

«Միջոցների դուրս բերման մեջ ակտիվորեն մասնակցում են բանկերը, հարկային ծառայությունները, մաքսային մարմինները և այլ կառույցներ: Նորմալ երկրներում այդ ամենը պետք է քննվի, իսկ համապատասխան գերատեսչությունների ղեկավարները պետք է պաշտոնաթող լինեն»,-կարծում է Իբադօղլուն:

Փորձագետները ուշադրություն են դարձրել նաև այն հանգամանքի վրա, որ երկրից դուրս բերված հսկայական միջոցների պարագայում, Ադրբեջանում պաշտոնապես չկա ոչ մի միլիարդատեր:

Ադրբեջանցի մասնագետները նաև խոսել են այդ գումարները երկիր հետ վերադարձնելու ճանապարհների մասին:

Քննարկման մասնակիցները եկել են այն եզրակացության, որ անհրաժեշտ է տեղեկացնել քաղաքացիներին երկրից դուրս բերված գումարների մասին: Ըստ նրանց անհրաժեշտ է լուսավորչական աշխատանք տանել բնակչության շրջանում:

Tekali Taxi