Home / Հայաստան / Կինը 70 օր բնակվում է նախագահականի դիմաց. նա պնդում է, որ քրոջ դուստրը խլել է իր տունը

Կինը 70 օր բնակվում է նախագահականի դիմաց. նա պնդում է, որ քրոջ դուստրը խլել է իր տունը

4 տարի առաջ իր բնակարանից զրկված կինը արդեն 70 օր է՝ իր անկողինը գցել է ՀՀ նախագահի նստավայրի դիմացի մայթին և այնտեղ է փաստացի բնակվում: Նա իր կացարանը թողնում է մեկ ժամով՝ գնում է Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկ՝ հանդիպելու նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն դա անել դեռ չի հաջողվել:

Նստացույց անող Էմմա Սահակյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է,  որ իրեն  զրկել են այն բնակարանից, որտեղ ինքը գրանցված է եղել և որը կտակ է թողնվել իր դստերը: Այս դավադրությունը, կնոջ խոսքով, իր քրոջ դստեր ձեռքի գործն է, ով բարձր պաշտոն է զբաղեցնում բարեգործական հիմնադրամում:  Սահակյանի խոսքով՝ սա իր քրոջ առաջին խարդախությունը չէ. նա որպես զոհված ազատամարտիկ է ձևակերպել 1993թ. սպանված իր ամուսնուն և ստացել 18.606.000 դրամ:

Կինը դատարան է ներկայացրել իր գրանցման մասին փաստաթուղթ և իր դստեր կտակը, որոնց առկայության դեպքում գույքն այլ անձինք չէին կարող վաճառել, սակայն դատարանը մերժել է բողոքը՝ պատճառաբանելով, որ հանցակազմ չկա: Վերաքննիչը անփոփոխ է թողել վճիռը, իսկ վճռաբեկը չի ընդունել հայցը վարույթ:

Սահակյանն ասել է, որ իր պես տուժած 20 քաղաքացիների հետ հանդիպում է ունենալու մի քանի պատգամավորների հետ:

«Իրենք բոլորը գիտեն, որ ես Գարեգին Նժդեհի եղբոր թոռն եմ:  Բոլոր հանրապետականները գիտեն, սակայն ինձ անտուն են թողել: Քաղաքապետարանում ասում են, որ բնակարան չկա, պետք է սպասեմ»,- ասել է Սահակյանը:

Tekali Taxi