Home / Հայաստան / Վահե Ավետյանի գործով մեղադրյալը փաստաբան չունի. մանրամասներ՝ դատից (ՖՈՏՈ)

Վահե Ավետյանի գործով մեղադրյալը փաստաբան չունի. մանրամասներ՝ դատից (ՖՈՏՈ)

Այսօր Ավան և Նոր-Նորք համայնքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում ծեծի ենթարկված և 12 օր հետո հիվանդանոցում մահացած Վահե Ավետյանի գործով առաջին դատական նիստը:

Նիստից առաջ «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարի» գործով բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնության անդամները երթով գնացել են դատարանի շենք: Դատական նիստը մեկնարկելուց հետո ներկաները բողոքել են, որ դատավարության ընթացքին անհնար է հետևել, քանի որ դատավորը և դատավարության մյուս մասնակիցները խոսում են ցածր ձայնով, իսկ դահլիճում միացված չէին  բարձրախոսները:

Այս մասին դիտարկում անելու համար դատավորը սանկցիա է կիրառել Նվարդ Մանասյանի և Անահիտ Մանասյանի նկատմամբ՝ զգուշացնելով հաջորդ ռեպլիկի դեպքում հեռացնել նրանց դատական դահլիճից: Նույն սանկցիան է կիրառվել նաև Անահիտ Մանուկյանի նկատմամբ, ով ասել է՝ «բարձր խոսացեք, այ մարդասպաններ»: Կարծիքներ են հնչել նաև, որ այս տեխնիկական թերությունը դիտավորություն է:

Նիստի սկզբին Վահե Ավետյանի իրավահաջորդ, նրա հայր Գառնիկ Ավետյանի իրավունքների պաշտպան Տիգրան Եգորյանը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի Գառնիկ Ավետյանի դիմումի համաձայն դատական պրոցեսին ներկա լինի իրավաբան Վահե Գրիգորյանը:

Դատավորը միջնորդության քննարկումը հետաձգել է և անցել ամբաստանյալների ինքնության քննությանը, սակայն Եգորյանը խնդրել է քննել միջնորդությունը և ներս հրավիրել Վահե Գրիգորյանին, որպեսզի նա կարողանա դատական գործի մասին իր դիրքորոշումը հետագայում հայտնել: Դատավորը միջնորդությունն ընդունել է:

Դատարանը մերժել է ամբաստանյալներից մեկի՝ Նորայր Հայրապետյանի պաշտպանի միջնորդությունը՝ դատախազին բացարկ հայտնելու մասին:  Պաշտպան Երեմ Սարգսյանը բացարկը հիմնավորել էր առ այն, որ դատախազը մերժել է նորից անցկացնել բժշկական փորձաքննություն, իսկ գոյություն ունեցողը, ըստ Սարգսյանի, թերի է: Պաշտպանը նշել է, որ փորձագիտական եզրակացության մեջ, մասնավորապես, չի նշված, թե քանի հարված է հասցվել Վահե Ավետյանին և դրանից որն է նրա մահվան պատճառը դարձել: Բացի դա,  փաստաբանը նշել է, որ չկա որևէ փաստ, որ Նորայր Հայրապետյանը ներկա է եղել տվյալ ծեծկռտուքին:

Դատավորը նիստի ավարտին նկատել է  նաև, որ ամբաստանյալներից մեկը՝  Արման Խաչատրյանը, չունի պաշտպան: Խաչատրյանն ասել է, որ ինքը իր իրավունքները կարող է պաշտպանել և փաստաբանի կարիք չունի: Դատավորը դիտարկել է, որ քանի որ մյուս ամբաստանյալների գործողություններում կան էական հակասություններ, ապա Խաչատրյանը պետք է փաստաբան ունենա, այլապես կհայտնվի անհավասար պայմաններում: Խաչատրյանը խոստացել է փաստաբան վարձել:

Դահլիճում ներկաներից շատերը կարծիք են հայտնել, որ, նոր փաստաբանի ներգրավելով, գործի քննությունը ձգձգելու փորձ է արվում, քանի որ ժամանակ է պետք գործի նյութերին ծանոթանալու համար:

Գործով հաջորդ նիստը կայանալու է սեպտեմբերի 24-ին, ժամը 10.00-ին:

Tekali Taxi