2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

ԱՄՆ նախագահի թեկնածուի խորհրդականները Հայաստանում քարոզարշավներ են կազմակերպել

Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին խոստովանել է, որ իր խորհրդականները նախկինում մասնակցել են հայաստանյան ընտրություններին՝ քարոզարշավներ կազմակերպելով, գրում է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում կատարելով արևմտյան ԶԼՄ-ներին:

Ամերիկյան լրատվամիջոցների տրամադրության տակ է հայտնվել Ֆլորիդայում տեղի ունեցած մասնավոր մի ընթրիքի տեսագրություն, որտեղ հանրապետական թեկնածուն, խոսելով իր նախընտրական թիմի արժանիքների մասին, նշում է. - «Ես խորհրդականների արտակարգ, փորձված ու հաջողակ մի թիմ ունեմ, որոնցից մի քանիսը քարոզարշավներ են կազմակերպել ողջ աշխարհով մեկ` Հայաստանում, Աֆրիկայում, Իսրայելում»:

Ռոմնին, չցանկանալով բացահայտել, թե հատկապես որ թեկնածուի կամ քաղաքական ուժի օգտին են աշխատել իր խորհրդականները հայաստանյան ընտրարշավների ժամանակ, խոսել է իսրայելական վերջին ընտրություններից:

«Իմ խորհրդականները աշխատել են Բիբի Նաթանյահուի հետ, և նրանք բավական լավ են հասկանում, թե որ գովազդը կաշխատի, որ գործընթացներն են քարոզարշավի ընթացքում ավելի արդյունավետ, և մենք որոշակի գաղափարներ ունենք, թե ինչ է հարկավոր անել նախընտրական արշավի ընթացքում», - նշել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածուն: