Home / Հայաստան / Բնապահպանները պահանջեցին չֆինանսավորել Թեղուտի անտառը ոչնչացնողներին (ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)

Բնապահպանները պահանջեցին չֆինանսավորել Թեղուտի անտառը ոչնչացնողներին (ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)

«Բնախեղդ ՎՏԲ», «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը միայն բնության պահպանության, այլ ոչ թե Թեղուտի սպանդի», «Թեղուտը հանք չի դառնա», «Թեղուտի անտառի սպանդի գլխավոր հովանավոր ՎՏԲ բանկ», այս և նմանատիպ պաստառներով ու «Ամոթ ՎՏԲ» վանկարկումներով այսօր մի շարք բնապահպաններ բողոքի ակցիա են անցկացրել ՎՏԲ բանկի մոտ՝ պահանջելով հետ կանգնել Թեղուտում հանքի շահագործման ծրագրից:

Նրանց խոսքով՝ ՎՏԲ -ն հանցավոր բանկ է և չունի բնապահպանական օրինաչափություն, ուստի իրավունք չունի իրականացնել որևէ բնապահպանական առաքելություն:

«Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը պետք է հետ կանգնի ՎՏԲ -ին հավաստագիր տալու գործընթացից: Մենք եկել ենք ՎՏԲ բանկին ասելու, որ պայքարում ենք, որպեսզի ինքը Գլոբալ էկոլոգիական հիմնադրամից որևէ ֆինանսավորում չստանա»,- հայտարարել են ակցիայի մասնակիցները:

Բնապահպանների խոսքով՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը պատրաստվում է հավաստագրեր տրամադրել մի քանի խոշոր կազմակերպությունների՝ այդ թվում նաև ՎՏԲ բանկին, որը պատուհաս է դարձել Հայաստանի գլխին:

Բանկին հանձնած դիմում-նամակում բնապահպանները բերել են փորձագիտական ուսումնասիրությունների եզրակցություններ, որոնք ապացուցում են, որ Թեղուտի հանքի շահագործումը կարող է ոչնչացնել անտառի բուսական և կենդանական աշխարհը, իսկ այդ ռիսկերին անդրադաձ չի կատարվել ACP ընկերության Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականում:

Դիմումում հիշեցում է կատարվում նաև այն  մասին, որ բնապահպանները բանկին ներկայացրել են իրենց մասնագիտական դիտարկումները և մտահոգությունները դեռ 2008թ-ից, երբ ստորագրվեց վարկի տրամադրման պայմանագիրը ACP ընկերության հետ, սակայն որևէ պատասխան չեն ստացել ոչ Երևանի, որ Մոսկվայի  մասնաճյուղերից:

«Սա մեր առաջին ակցիան չէ այս խնդրի հետ կապված ու նաև վերջինը չի լինելու: Մենք պահանջ են դրել, որ եթե ՎՏԲ -ն իրականացնի այս ծրագիրը՝ պետք է սև ցուցակ ընկնի ու միջազգային կազմակերպությունները ընդհանրապես չպետք  է աջակցեն ոչ մի նախագծի համար» ,- Epress.am-ի հետ զրույցում ասել է «Էկոլուր» հ/կ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:

Ավելի ուշ ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոց, որտեղ իրենց բողոք-նամակն են հանձնել Երևանում գտնվող Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ներկայացուցիչներին:

Բնապահպաններն անցել են կառավարության շենքի մոտով՝ կոչ անելով կառավարության անդամներին ծառայել Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե այլ պետությունների, որոշ անձանց կամ իրենց գրպաններին:

«Մեր կոչերը նախևառաջ ուղղված են ձեզ, դուք նշանակված եք մեր կողմից՝ ծառայելու մեզ՝ Հայաստանի հանրությանը: Դուք պարտավոր եք ծառայել հայ ժողովրդին, այլ ոչ թե օլիգարխներին: Այսօր՝ մեր բողոքի ակցիան նախևառաջ ձեր դեմ է», – ասել են ակտիվիստները:

Tekali Taxi