Home / Հայաստան / Կասկադում վերնահարկ է կառուցում նախկին վարչապե՞տը. բնակիչները նամակ են ուղղելու Սերժ Սարգսյանին (ՖՈՏՈ)

Կասկադում վերնահարկ է կառուցում նախկին վարչապե՞տը. բնակիչները նամակ են ուղղելու Սերժ Սարգսյանին (ՖՈՏՈ)

Շուրջ 3 ամիս է, ինչ Թամանյան 3 հասցեում գտնվող շենքի տանիքում վերնահարկ է  ավելացել, ինչի մասին վերոնշյալ հասցեի բնակիչները տեղեկացել են միայն այն ժամանակ, երբ մեկ հարկի չափ բարձրացած պատերը արդեն տեսանելի են դարձել: Շինարարություն իրականացնող ընկերության ղեկավարը պնդել է, թե իրենք ունեն շինթույլտվության համար բոլոր համապատասխան փաստաթղթերը, դրա հետ միասին ստացել են շենքի գրեթե բոլոր բնակիչների համաձայնությունն ու ստորագրությունները: Epress.am-ի թղթակցի հետ զրույցում շինարարություն իրականացնող ընկերության ներկայացուցիչը, ով չի ցանկացել ներկայանալ, ասել է, թե  իրենց կողմից ապօրինի ոչինչ չի արվում:

«Ի՞նչ է, էս քաղաքում բոլորը պարա՞պ են մնացել, բան ու գործները թողած նայում են  էս շենքի՞ն: Մարդը գնել է  4-րդ հարկի բնակարանն ու իր տան վերևում ուզում է ևս մեկ հարկ ունենալ, ի՞նչ է, չի՞ կարելի: Ում ուզում եք՝ դիմեք, մենք թղթաբանության պրոբլեմ չունենք, թող բողոքողները մտածեն, լավ գիտենք, թե ով է էս ամբողջը սարքել», – ասել է զրույցում շինարարություն իրականացնող ընկերության ղեկավարը, ով նաև նշել է, թե շինարարության ավարտից հետո շենքի արտաքին տեսքի փոփոխություն չի լինելու՝«նույն գույնի քարով ու ուզորով աբլիցովկա ենք անելու»: Նա, այնուամենայնիվ, չի ասել, թե «ով է էդ ամբողջը սարքել»:

Epress.am-ի հետ զրույցում շենքի բնակիչներից Անուշ Առաքելյանն ասել է, որ 73 և 74 համարի բնակարանները ու վերնահարկը գնել է ՀՀ նախկին վարչապետ, Լոնդոնում բնակվող Արմեն Սարգսյանը, ում թեև բնակիչները շենքում երբևէ չեն տեսել, սակայն նրա անունից արդեն շատ-շատերը վախվորած չեն համարձակվում բողոքել:

«Մենք այս շքամուտքում երկու բնակարան ունենք, բայց երկուսից ոչ մեկը չեն այցելել ու ստորագրություն չեն վերցրել. ստացվում է, որ միայն մեր ընտանիքից 4-5 հոգու համաձայնություն չունեն», – նշել է Առաքելյանը, ով նաև ավելացրել է, որ սկզբում  լուրեր են շրջանառվել, թե շենքի տանիքում միայն մեկ հարկ է կառուցվելու, սակայն հետո պարզվել է, որ եղածին ևս մեկ հարկ է ավելանալու:

«Ամբողջ խնդիրն այն է, որ մեր շենքի տակով անցնում է մետրոն ու առանց այն էլ շենքի հիմքերը խարխլվել են, պատերից երեսպատման սալիկները թափվել են ու պատերին ճաքեր են առաջացել, հիմա էլ այս անմխիթար վիճակի հետ միասին ևս երկու հարկ է ավելանալու: Փաստորեն՝ արտաքուստ աչք շոյող, մշակութային արժեք ներկայացնող այս շենքը մի օր կարող է ուղղակի փուլ գալ ու դրա համար որևէ մեկը պատասխանատվության հաստատ չի կրելու», – ասել է Առաքելյանը, ով հարևանների հետ պատրաստվում է նամակ ուղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Ի դեպ, Առաքելյանը հիշեցրել է, որ տարիներ առաջ դիմացի շենքի վերջին հարկում բնակվող սփյուռքահայ մեկը որոշել էր ձեղնահարկ կառուցել, այնպիսի աղմուկ բարձրացավ, որ նա դադարեցրեց շինարարությունն ու անգամ ներողություն խնդրեց, որ օրենքը չիմանալով նման քայլ է ձեռնարկել:

«Հիմա այդ նույն մարդու աչքի առաջ երկու հարկ է դրվելու շենքի կտուրին ու զարմանալի է՝ ո՞նց են մեկնաբանելու, որ մեկը կարող է օրենքին ենթարկվել, մյուսը՝ ոչ», – եզրափակել է Առաքելյանը:

Նշենք, որ Epress.am-ը երեկ հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ հարցնելով, թե արդյոք քաղաքապետարանը տեղյակ է Թամանյան 3 հասցեում գտնվող շենքի տանիքում կառուցվող վերնահարկերի մասին և արդյոք շինարարության իրականացման համար համապատասխան թույլտվությունն առկա է: Նյութի հրապարակման պահին Epress.am-ը քաղաքապետարանից դեռևս պատասխան չէր ստացել:

Tekali Taxi