Գլխավոր / Հայաստան / ԲՀԿ-ական նախկին մարզպետին լուրջ պատիժ չի սպառնում

ԲՀԿ-ական նախկին մարզպետին լուրջ պատիժ չի սպառնում

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրել է, որ Վայոց ձորի նախկին մարզպետ,  ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանին լուրջ պատիժ չի սպառնում:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 23-ին ՏԻՄ ընտրություններից հետո մարզպետն իր որդու հետ մտել էր տեղամաս, վերցրել էր մի քանի քվեաթերթիկ և փորձել էր հեռանալ, իսկ երբ ոստիկանը խոչընդոտել էր, Բագրատյանը վերջինիս գլխով հարվածել էր: Նախկին մարզպետը հերքել էր, թե հարվածել է ոստիկանին:

«Նախկին մարզպետի հետ կապված եղել է դեպք Արտաբույնք գյուղում: Իսկապես մարզպետի տղան մտել է բարձր աղմուկով, հետո հայրն է գնացել այնտեղ: Ոստիկանը թույլ չի տվել մտնել ընտրատեղամաս, ոստիկանին հրմշտելով՝ մտել է, ու արդյունքում այդպիսի մեծ բան չէ, որ ասենք, թե խփել է, ծեծել է: Բայց քաշքշուկ եղել է: Ես առանձնապես բան չեմ տեսնում: Սակայն մենք պարտավոր էինք նյութերը ստեղծել: Մենք խուսափեցինք շահարկումներից, որ պիտի հնչեին, թե մի կողմից ոստիկան է, մյուս կողմից` նախկին պաշտոնական անձ, հետո էլի ասելու էին ԲՀԿ-Գասպարյան և այլն, և այլն, դրա համար ուղարկեցինք ՀՔԾ, թող այնտեղ պարզեն»,-ասել է ոստիկանապետը: Նա նաև նշել է, որ մամուլից է իմացել, որ ՀՔԾ-ն նյութերը վերադարձրել է. «Կարծում եմ իրենք էլ ընկալել են, թե ինչն է խնդիրը»:

Ըստ ոստիկանապետի ՝ հանցակազմը թույլ է, և եթե երկկողմ համաձայնություն լինի, դժվար թե խնդիր առաջանա: