Գլխավոր / Հայաստան / Կաթողիկոսի եղբայրն ընտրվեց 4-րդ անգամ. գյուղում վախի մթնոլորտին Մակեդոնացին էլ չէր դիմանա

Կաթողիկոսի եղբայրն ընտրվեց 4-րդ անգամ. գյուղում վախի մթնոլորտին Մակեդոնացին էլ չէր դիմանա

Սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում արդեն չորրորդ անգամ համայնքապետ է ընտրվել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կրտսեր եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը: Սակայն նույն գյուղում համայնքապետի թեկնածու առաջադրված անկուսակցական Վահան Ղուկասյանը «Հրապարակ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում հավաստիացրել է, որ Ոսկեհատում ընտրություն որպես այդպիսին չի եղել, քանի որ գյուղապետը, նրա տղաներն ու նրանց շուրջ հավաքված մարդիկ համայնքում վախի մթնոլորտ են ստեղծել, ինչը թույլ չի տվել մարդկանց հանգիստ ընտրություն կատարել:

«Վահան Ղուկասյանի ձեռքի տակ կա նաև ընտրությունների ընթացքի վերաբերյալ տեսագրություն, որտեղ արձանագրված են մի շարք խախտումներ՝ բաց քվեարկելու պահանջ, սպառնալիքներ, կուտակումներ ընտրատեղամասի դիմաց, ինչ-որ մարդկանց անարգելք ելումուտ ընտրատեղամաս և այլ խախտումներ»,-նշում է թերթը:

«Առավոտյան, երբ գնացի ընտրության, միանգամից աչքիս զարնեց տեղամասի մոտ հավաքված 20-30 շքեղ մեքենաներն իրանց էկիպաժով: Հավատացնում եմ, որ եթե Մակեդոնացին գար ընտրության, հաստատ վախեցած հետ կփախներ: Այնպիսի մի վախի մթնոլորտ էր, որ ճնշում էր բոլորին», — պատմել է Ղուկասյանը:

Ղուկասյանի խոսքով՝ ինքը հանձնաժողովի նախագահից պահանջել է խախտումների վերաբերյալ արձանագրություն կազմել, սակայն վերջինս անգործության է մատնված եղել, և ի պաշտոնե իրեն վերապահված ոչինչ չի արել:

Գյուղապետի նախկին թեկնածուն հավաստիացնում է, որ մարդկանց անգամ ստիպել են բաց քվեարկել՝ սպառնալով և ահաբեկելով, սակայն այս ամենի մասին նույնպես որևէ արձանագրություն չի կազմվել:

Ղուկասյանը նշել է, որ բաց է քվեարկել նաև Սուրբ Սարգիս եկեղեցում ծառայություն իրականացնող Տեր Հակոբ Խաչատրյանը՝ ցույց տալու համար, թե ինչքան նվիրված է Ներսիսյան գերդաստանին:

Ընտրություններից հետո քվեաթերթիկների հաշվարկի գործընթացը համեմատաբար հանգիստ է անցել, քանի որ, թեկնածուի խոսքով, գյուղապետն ու իր որդիներն արդեն իրենց գործն արել էին, մարդկանց բերել ընտրության և հաշվարկի ժամանակ այլևս մտահոգվելու առիթ չկար:

«Ես գտնում եմ, որ եթե մաքուր ընտրություն լիներ, բացառվում է, որ 10 տարի բացարձակ ոչինչ չարած մարդը վերընտրվեր», — համոզված է Ղուկասյանը:

Նա իր ունեցած տեսագրությունը ոչ մի տեղ չի ներկայացրել, քանի որ վստահ է, որ ոչինչ չի փոխվի:

«Ես պարզապես երկրի ղեկավարությանը և ոստիկանության ղեկավարությանը ուզում էի ցույց տալ, որ ամեն ինչ այդքան էլ այնդպես չէ: Նույն ոստիկանության աշխատակիցները ևս անգործության էին մատնված, քանի որ իրենք էլ էին վախենում գյուղապետի և նրա որդիների շքախմբից: Սա առաջին դեպքը չէ: Գյուղապետի տղաները միշտ անպատիժ են մնում: Մեր գյուղը նրանց համար ազատ հանցագործություն կատարելու գոտի է, ոչ մի անգամ չեն պատժում», — ասել է Վահան Ղուկասյանը՝ վերջում շնորհակալություն հայտնելով իրեն ձայն տված 146 անվախ գյուղացիներին:

Նշենք, որ Գևորգ Ներսիսյանը ստացել է 905 ձայն, իսկ երրորդ թեկնածուի՝ Հովհաննես Գնոյանի օգտին քվեարկել է 40 մարդ: