Գլխավոր / Հայաստան / Փոխնախարարը բացատրել է՝ ինչու չի սկսվել Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումը

Փոխնախարարը բացատրել է՝ ինչու չի սկսվել Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումը

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արա Սիմոնյանին 2011 թվականի բյուջեի կատարողական հաշվետվությունը ներկայացնելուց հետո հարց է  ուղղել Մեղրի ՀԷԿ-ի հետ կապված` նշելով, որ բյուջեի կատարողականի փաստաթղթերում գրված էր, թե 20111 թվականին պետք է այդ  շինարարությունը սկսվեր, հետո վերջնաժամկետ էր 2012 հունիս ամիսը, սակայն ինքը օրերս խոսել է Ագարակի քաղաքապտի հետ, իսկ վերջինս նշել է, որ որևէ տեսանելի շարժ չկա:

Ի պատասխան՝ Արա Սիմոնյանն ասել է, որ Իրանի հետ էներգետիկայի բնագավառում իրականացվող  ծրագրերը  եղել և մնում են իրենց գերակայությունների թվում և առաջնահերթ են՝ պայմանավորված այն հանգամանքով, որ դրանք մեր էներգետիկ անվտանգության ապահովաման կարևոր բաղադրիչների թվում են:

«Այնուամենայնիվ, Իրանի շուրջ զարգացումները և դրանց տնտեսական հետևանքները չէին կարող ազդեցություն չգործել այս ծրագրերի իրականացման տեմպերի վրա՝ նկատի ունենալով, որ այդ խոշորածավալ ծրագրերի, մասնավորապես, Մեղրի ՀԷԿ-ի շինարարության համար պահանջվում է երեք հարյուր միլիոն դոլար: Իրանական կապալառու կազմակերպությունն ինքն է ամբողջությամբ ապահովում ֆինանսավորումը, շահագործման ամբողջ ժամանակահատվածում ապահովում է դրա անխափան շահագործումը, հետո անհատույց փոխանցում է հայկական կողմին: Որոշ խնդիրներ ժամանակացույցի առումով եղան, իրոք, ֆինանսավորման հարցում, սակայն պետք է նշեմ, որ, չնայած դրան, զգալի աշխատանքներ, այդ թվում՝  նախագծային, բիոֆիզիկական, բիոտեխնիկական աշխատանքներ արդեն իսկ իրականացվել են, իսկ դրանք մինչև տասը միլիոն դոլար արժողությամբ ծրագրեր են: Այդ ընկերությունն իր սեփական միջոցների հաշվին է իրականացնում», — ասել է փոխնախարարը:

Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ հոկտեմբերի 22-25-ը, երբ Հայաստանում տեղի կունենա հայ-իրանական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողվի նիստը , նաև Մեղրի ՀէԿ-ի շինարարության ժամանկացույցի հետ կապված ավելի կոնկրետ պատասխաններ կտրվեն:

Սիմոնյանը նշել է, որ հայկական կողմն ակնկալում է, թե ամենամոտ ժամանակներում այդ ծրագիրը կմտնի անմիջականորեն շինարարության փուլ: