Գլխավոր / Հայաստան / Վարդան Օսկանյանին պետք է որպես մեղադրյալ ներգրավել մարտի 1-ի գործով. իրավապաշտպան

Վարդան Օսկանյանին պետք է որպես մեղադրյալ ներգրավել մարտի 1-ի գործով. իրավապաշտպան

ԲՀԿ անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին պետք է որպես մեղադրյալ ներգրավել Մարտի 1-ի հանցագործությունների բացահայտման նպատակով:  Անդրադառնալով ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի՝ Օսկանյանին «Սիվիլիթաս» հիմնադրամի գործով որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությանը` Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

«Ինչո՞ւ է Աղվան Հովսեփյանը անմեղսունակ ձևանում, թե՞ անելիք չունի: Ի՞նչ է տասը հոգու սպանության, հարյուրավոր մարդկանց օրը ցերեկով բռնությունների ենթարկելու փաստերը նվազ կարևո՞ր են մեկ միլիոն երկու հարյուր հազար դոլարից: Բացի դրանից, ինչո՞ւ Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկման միջնորդությամբ հանդես չի գալիս, մարտի 1-ի հանցագործություներով որպես մեղադրյալ ներգրավելու և ցուցմունքներ վերցնելու պահանջով: Մեծ էշը ախոռում ինչո՞ւ է թողնում: Ընկել է եզի հետևից: Դուխդ չի հերիքում: Եվ դու գլխավոր դատախազ ես կոչվում: Թքել եմ քո նամուսին, քո թասիբին, քո գիտելիքի վրա էլ», — գրել է Սաքունցը:

Նա այնուհանդերձ նկատել է նաև, որ Օսկանյանի դեմ դատախազությունը քաղաքական հետապնդում է իրականցնում, իսկ այս պարագայում Օսկանյանին մնում է միայն ազնվորեն ցուցմունքներ տալ ՀՀ քաղաքացիների դեմ Մարտի 1-ին կատարված հանցագործության մասին, եթե իհարկե, նա ցանկանում է լինել ազնիվ քաղաքական գործիչ:

«Ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Գորիկ Հակոբյանը, ոչ Հայկ Հարությունյանը, ոչ մեկ այլ պաշտոնատար անձ այդ ամենի մասին ոչ միայն չեն խոսում, ծպտուն չեն հանում, այլև, չեն էլ փորձում հանրային քաղաքականություն վերադառնալու մասին ուղղակիորեն բառ արտասանել… իսկ եթե առայժմ Վարդան Օսկանյանը հայտ է ներկայացնում հանրային քաղաքականություն վերադառնալու մասին, թող բարի լինի ինքնամաքրվի, խոստովանի, ցուցմունքներ տա իրեն հայտնի հանցագործության մասին …»,- եզրափակել է Սաքունցը:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին, երբ վաղ առավոտյան ուժայինները Ազատության հրապարակում ցրեցին ընդդիմության հանրահավաքը, Վարդան Օսկանյանը դարձավ այն պաշտոնյան, ով մամուլի ասուլիսով հանդես եկավ` խոսելով իշխանությունների դիրքորոշման մասին:

2011 թվականի փետրվարին նա բացատրել է իր քայլի դրդապատճառները` նշելով, որ ներողություն չի խնդրի, քանի որ մարտի 1-ի համար իրեն մեղավոր չի համարում:

«Նման իրավիճակում լռությունն ամենավտանգավոր բանն է, և պետք է գտնվեր մեկը, որ կարողանար խոսել ժողովրդի հետ: Ես կոչ եմ արել ընդդիմությանը երկխոսության: Այնպես որ, ես այդ իրադարձությունների կանխարգելման փորձ արած անհատ եմ», – ասել է Օսկանյանը: