Միքայել Պողոսյանը համաձայն չէ ադրբեջանցի գրողի հետ. «Եթե բոլորը» գրագողություն չէ
Ադրբեջանցի գրող Էլչին Գուսեյնբեյլին հայտարարություն է տարածել այն մասին, որ հայ կինոմատոգրաֆները գողացել են իր «Արևն ընկնում է դեմքին» պատմվածքի սյուժեն և դրա հիման վրա նկարահանել են «Եթե բոլորը» ֆիլմը:
Թերեզա Վարժապետյանի և Միքայել Պողոսյանի սցենարի հիման վրա նկարված հայկական ֆիլմի սյուժեն հետևյալն է. ֆիլմի հերոսը ռուս զինվորի և հայուհու դուստր է, ում մայրը սումգաիթյան ջարդերի զոհ է դարձել և հանուն որի հիշատակի ամուսինը կամավորագրվել է արցախյան պատերազմի ժամանակ և զոհվել այնտեղ: Աղջիկը, հոր ընկերոջ հետ փորձությունների ու արկածների միջով անցնելով, հասնում է հոր՝ Ալեքսանդր Մասլեննիկովի գերեզմանին ծառ տնկելու համար, սակայն հերոսները գերի են ընկնում: Ծառ տնկելուց նրանց տեսնում է ադրբեջանցի հովիվ: Պարզվում է՝ այդ մարդու որդին էլ Ղարաբաղում է մահացել ականի պայթյունից: Հովիվը հարցնում է՝ ով ծառ կտնկի իր որդու համար: Հերոսները, վերադառնալով, Արցախում էլ նրա երեխայի հիշատակին ծառ են տնկում: Ըստ ֆիլմի հեղինակների՝ ծառը կյանքի, համերաշխության խորհրդանիշ է:
Գուսեյնբեյլի գրքում պատմությունը հետևյալն է. ադրբեջանցի հիվանդ բժիշկը որոշում է այցելել իր հայրենի գյուղը, որը հիմա գտնվում է հայկական տիրապետության տակ, և տնկել «խաղաղության» ծառը իր հոր գերեզմանին, սակայն գերի է ընկնում, խնդրում է հայերին թույլ տալ մեռնել հոր քանդված գերեզմանի մոտ:
Ըստ ադրբեջանցի գրողի՝ ինքը պատմվածքը հրատարակել է 2010թ. փետրվարին, իսկ ֆիլմը նկարահանվել է ամռանը, ուստի հայերը գողացել են ու իր հեղինակային իրավուքները խախտել:
«Եթե բոլորը» ֆիլմի պրոդյուսեր, գաղափարի հեղինակ Միքայել Պողոսյանը, Epress.am-ի հետ զրույցում անդրադառնալով ադրբեջանցի գրողի մեղադրանքներին, դրանք անհեթեթություն է որակել և համարել հերթական ակցիան ֆիլմի դեմ:
Պողոսյանը հիշեցրել է, որ դեռևս սեպտեմբերին, երբ ֆիլմը ներգրավվել է ամերիկյան կինոակադեմիային «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, ադրբեջանական ԶԼՄ-ները պահանջներ էին ներկայացրել, թե ֆիլմը չի կարող Օսկար ստանալ, քանի որ այն «օկուպացված տարածքների մասին է» և «հայկական քարոզչության հերթական արտադրանքն է»:
«Գաղափարը ստեղծվել է և վերածվել է սցենարի 2010 թվականի փետրվարին: Հայտնի է, որ ֆիլմը երկար ժամանակ է պահանջում, նկարահանումները սկսվել են ավելի ուշ՝ գարնանը: Գրագողության մասին խոսք չի կարող լինել: Բովանդակային առումով այնքան էլ նման չեն մեր ֆիլմը և այդ պատմվածքը: Արդար պետք է լինեմ ու ասեմ, որ պրոֆեսիոնալ առումով լավ է գրել, սակայն դա չի նշանակում, որ գրագողություն ենք արել մենք: Նույն տրաբանությամբ մենք կարող ենք նրանց մեղադրել մեր «Կարոտ» ֆիլմի սցենարը գողանալու մեջ, որի հերոսը անցնում է սահմանն իր ծննդավայրում մահանալու: Բացի դա, եթե երկու դեպքում էլ ծառը խորհրդանշում է խաղաղությունը, ինչո՞ւ վիճենք», - ասել է Միքայել Պողոսյանը: