Home / Հայաստան / «Հարսնաքարի» գործը. պաշտպանները փորձել են հակասություններ գտնել տուժողի ցուցմունքներում

«Հարսնաքարի» գործը. պաշտպանները փորձել են հակասություններ գտնել տուժողի ցուցմունքներում

Այսօր Ավան և Նոր Նորք համայնքի ընդհանուր իրավասության դատարանում մեղադրյալների պաշտանները փորձել են հակասություններ գտնել արդեն երրորդ օրը ցուցումք տվող ու հարցերին պատասխանող «Հարսնաքարի» գործով տուժող Արտակ Բայադյանի դատաքննական և նախաքննական ցուցմունքների մեջ:  Հիշեցնենք, որ «Հարսնաքարի» միջադեպը գրանցվել է հունիսի 17-ին, այդ օրը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող ռեստորանային համալիրում ծեծի են ենթարկվել ռազմական բժիշկներ Վահե Ավետյանը, Արտակ Բայադյանը և նրանց ընկերները: Վահե Ավետյանը մահացել է 12 օր անց հիվանդանոցում, ամբաստանյալի աթոռին են հայտնվել ծեծի մասնակիցներ Գարիկ Մարգարյանը, Արման Խաչատրյանը, Արման Բաղդասարյանը, Նորայր Հայրապետյանը, Արթուր Բաբլոյանը և Դավիթ Ադամյանը:

Այսօրվա նիստը տևել է 4 ժամ: Բայադյանին հարց է ուղղել «Հարսնաքար» համալիրի մատուցող, մեղադրյալ Դավիթ Ադամյանը: Նա ցանկացել է իմանալ, թե ինչու են Բայադյանն ու ընկերները ներողություն խնդրել կողքի սեղանից, եթե, ինչպես տուժողը պնդում է, հայհոյանքներ չեն տվել: Ադամյանը նաև հարցրել է, թե ինչու են  իրենք պահանջել, որ  երկրորդ անգամ իրենց մոտեցած մատուցողի փոխարեն սպասարկելու անպայման գա ինքը` Դավիթ Ադամյանը, ով չի ցանկացել սպասարկել խմբին:  Դատավորը, սակայն, հանել է հարցերը:

Պաշտպաններ Միհրան Պողոսյանը, Երեմ Սարգսյանը, Մարինե Թովմասյանը միջնորդել են, որպեսզի դատարանում հրապարակվեն տուժող Արտակ Բայադյանի նախաքննական ցուցմունքները, քանի որ, ըստ իրենց, դրանք հակասում են դատաքննության ընթացքում հնչած ցուցմունքներին:  Դատախազը առարկել է՝ ասելով, որ ցուցմուքները միայն ավելի հստակ են եղել, քան նախաքննական ցուցմունքները: Դատավոր Դավիթ Հարությունյանը, սակայն, բավարարել է միջնորդությունը:

Երեմ Սարգսյանը փորձել է ճշտել, օրինակ, թե ինչու է Բայադյանը նախաքննական ցուցմունքներում ասել, թե Վահեին խփած մատուցողին նախատել է ինչ-որ մեկը, սակայն դատաքննության փուլում, ասել է, թե այդ մարդը Նորայր Հայրապետյանն է եղել:

Բայադյանը ասել է, որ մինչ ճանաչումը անցնելը ինքը չգիտեր, որ այդ մարդու անունը Նորայր Հայրապետյանը է:

Պողոսյանը հարցրել է, թե ինչու նախաքննական փուլում Բայադյանը չէր նշել, որ իրենց հետ «Հարսանքարում» եղել է նաև Դիանա Նավոյանը: Ըստ Բայադյանի, նրա անունը չնշելով՝ ինքն ու ընկերները որոշել էին նրան ավելորդ խոսակցություններից հեռու պահել: Ամբաստանյալների պաշտպանների հակասությունները վեր հանելուն ուղղված բազմաթիվ հարցերը դատավորը հանել է, դրանց հաճախ առարկել է նաև դատախազը` համարելով դրանք փորձեր տպավորություն ստեղծելու, թե տուժողը իրականությունը խեղաթյուրում է:

Հաճախակի հարցերին առարկել է նաև տուժողների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը: Փաստաբանը բազմիցս առաջարկել է պաշտպաններին հարց ուղղելուց ցուցմունքի կոնկրետ մեջբերումները վկայակոչել և կոնտեքստից չկտրել Բայադյանի այս կամ այն պատասխանը:

Մյուս տուժողները ցուցմունք կտան հաջորդ դատական նիստին՝ նոյեմբերի 16-ին, ժամը 14.00-ին:

Tekali Taxi