Home / Հայաստան / «Թատրոնը գոնե պետք է հետաքրքիր լինի». ՀԱԿ ակտիվիստների փաստաբանների բոլոր միջնորդությունները մերժել են

«Թատրոնը գոնե պետք է հետաքրքիր լինի». ՀԱԿ ակտիվիստների փաստաբանների բոլոր միջնորդությունները մերժել են

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում Հայ Ազգային Կոնգրեսի 4 ակտիվիստների գործով հերթական դատական նիստի ժամանակ դատավոր Արմեն Դանիելյանը մերժել է փաստաբանների բոլոր 8 միջնորդությունները:

Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի վճռով Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը 2-ից 6 տարվա ազատազրկման են դատապարտել: Մեղադրյալները վճիռը համարում են ապօրինի և դիմել են Վերաքննիչ դատարան, որտեղ էլ շարունակվում է դատաքննությունը:

Կողմի այսօրվա միջնորդությունները վերաբերել են նոր վկաներ դատարան դատակոչելուն:

Համաձայն ակտիվիստների պաշտպանների, վկաների ցուցմունքները կապացուցեն մեղադրվող կողմի այն պնդումը, որ տուժած ոստիկաններն առաջին ատյանում սուտ ցուցմունքներ են տվել: Մասնավորապես, փաստաբան Ստեփան Ոսկանյանը միջնորդել է դատարան կանչել «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանին, թերթի լրագրողներ Վահագն Հովակիմյանին, Անի Գևորգյանին՝ փաստելու համար, որ դեպքի օրը Անին եղել է թերթի խմբագրությունում, մինչդեռ ոստիկաններն ասել են, թե նա եղել է ամբաստանյալ տղաների հետ՝ Կարապի լճի մոտ: Տիգրան Առաքելյանը միջնորդել է դատարան կանչել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, ով 2011թ. սեպտեմբերին տված հարցազրույցում ասել է, որ ինքը հանդիպել է գործով տուժած ոստիկաններին և հորդորել նրանց լինել ներողամիտ: Հիշեցնենք, որ առաջին ատյանում ոսիտկանները հերքել են, թե հանդիպել են ոստիկանապետի հետ: Մյուս միջնորդությունները վերաբերել են դեպքին ներկա վկաներ Եվա Թովմասյանին, Էմանուելա Գրիգորյանին և նախինում սույն գործով մեղադրված Վահագն Գևորգյանին, Սահակ Մուրադյանին և Արեգ Գևորգյանին դատակոչելուն: Վերջին երեք երիտասարդների նկատմամբ հարուցված գործը հետագայում կարճվել է:

«Այս մարդիկ հարցաքննվել են նախաքննական փուլում, սակայն նրանց ցուցմունքները դատարան չեն մտել, քանի որ ձեռնտու չեն եղել դատախազության համար»,- ասել է փաստաբան Ոսկանյանը:

Մերժելով բոլոր միջնորդությունները՝ նախագահող Արմեն Դանիելյանը պատճառաբանել է, թե անհրաժեշտ փաստերն արդեն կան գործում:

Տիգրան Առաքելյանի փաստաբան Վահե Գրիգորյանը հայտարարել է, որ դատարանի մերժումները անհիմն է համարում: Իր վրդովումնք է հայտնել նաև Առաքելյանը, ում դատավորը դուրս է հրավիրել դահլիճից: Նույն ճակատագրին է արժանացել նաև Սարգիս Գևորգյանը:

Վահե Գրիգորյանը ևս լքել է դահլիճը:

Ակտիվիստների հարազատները, ծանոթները, ընկերները դահլիճում հարցրել են դատավորին՝ ինչ իմաստ ունի ամեն անգամ խորհրդակցել մյուս երկու դատավորների հետ, եթե միևնույն է գիտեն, որ մերժելու են միջնորդությունը: Նրանք նաև հեգնանքով սկսել են ծափահարել դատավորի միջնորդությունների մերժման մասին հայտարարությունից հետո:

«Թատրոնը գոնե պետք է հետաքրքիր լինի», – հայտարարել է ներկաներից մեկը:

Դատավորը հետաձգել է դատական նիստը: Վճիռը կհրապարակվի վաղը՝ 12.00-ին: «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը պատրաստվում է այդ ժամին բողոքի ակցիա անցկացնել՝ ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների:

Tekali Taxi