Home / Հայաստան / Նվազագույն աշխատավարձը 2500 դրամով բարձրացնելն անիմաստ է. ԱԺ-ում քննադատում էին կառավարությանը

Նվազագույն աշխատավարձը 2500 դրամով բարձրացնելն անիմաստ է. ԱԺ-ում քննադատում էին կառավարությանը

Այսօր Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը կոչ է արել դեմ քվերակել նվազագույն ամսական աշխատավարձի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին:

Բագրատյանի խոսքով՝ օրենքում կատարվող փոփոխությունները բացարձակապես անհեթեթ են: Հիշեցնենք, որ օրենքի նախագծով առաջարկվում է 2500 դրամով բարձրացնել նվազագույն աշխատավարձը՝ 32 500-ից այն դարձնելով 35 000:

ՀԱԿ պատգամավորը, դիմելով հատկապես խորհրդարանական մեծամասնությանը, հիշեցրել է, որ ինքն այս հարցի վերաբերյալ համապատասխան փոփոխություն էր առաջարկել, համաձայն որի նվազագույն աշխատավարձը պետք է դառնա 72 500 դրամ, սակայն կառավարությունը մերժել է առաջարկը:

Բագրատյանը նշել է՝ ըստ գործադիրի, մերժելու պատճառն այն էր, որ առաջարկը կյանքի կոչելու համար հարկավոր է լրացուցիչ 360 միլիարդ դրամ, իսկ այդ գումարը պետությունը չունի:

Պատգամավորը, սակայն, պնդել է, որ դրա համար հարկավոր էր ընդամենը 22 միլիարդ: Բագրատյանի խոսքով՝ 2013 թվականին Հայաստանում աղքատների թիվը 35,8 տոկոսից դառնալու է 37 տոկոս և նշել, որ եթե աշխատավարձը բարձրացնում  են, ապա թող գոնե բարձրացնեն այնքան, որքան գներն են բարձրացել:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ևս այս փոփոխությունը անիմաստ է համարում: Վերջինս դիմել է կառավարությանը՝ ասելով, որ եթե չեն կարողանում աշխատել, ապա «թող գնան և գան այնպիսի մարդիկ, որոնք կկարողանան դա անել»:

Նրա խոսքով՝ ԱԺ-ում հավաքված մարդիկ միասին պետք է հեռացնեն ներկայիս կառավարությանը:

Tekali Taxi