Home / Հայաստան / Ընդդիմադիր դաշինքն ու օլիգարխի կուսակցությունը կարող են միասնական թեկնածու ունենալ

Ընդդիմադիր դաշինքն ու օլիգարխի կուսակցությունը կարող են միասնական թեկնածու ունենալ

Խորհրդարանական կառավարման համակարգի անցման շուրջ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի և խոշոր գործարար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստանի» միջև առաջին քաղաքական խորհրդակցությունն անցել է բավական կառուցողական և արդյունավետ: Այս մասին Civilnet.am-ի հետ զրույցում ասել է քննարկմանը մասնակցած Վարդան Օսկանյանը:

«Քննարկվել են ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի երկուստեք ներկայացրած օրակարգային բոլոր հարցերը: Որևէ հարցի շուրջ դեռ կոնկրետ պայմանավորվածություն չկա, բայց մեծ հաշվով կարելի է ասել, որ ինչ-որ տեղ ընդհանրություններ կան»,- ասել է Օսկանյանը՝ հավելելով, որ ակնկալվում է խորհրդարկցությունների շարունակություն:

ՀԱԿ-ի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը, հանդիպումից հետո պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության արդյունքում ունենան նախագահի միասնական թեկնածու, ասել է. «Ես կարծում եմ, որ դա չի կարելի բացառել»։

Զուրաբյանը չի ցանկացել մանրամասնել, թե ով ում թեկնածուին կսատարի՝ ասելով, որ եթե ինքը այդ պարզաբանումը անի, դա միայն կվնասի բանակցությունների ընթացքին։

«Կարո՞ղ ենք չբացառել որ ՀԱԿ-ը կսատարի ԲՀԿ-ի թեկնածուին» ճշտող հարցին Զուրաբյանը պատասխանել է․ «Թույլ տվեք ինձ դիվանագիտական մոտեցում ունենալ և չպատասխանել այս հարցին, բայց չեմ բացառում միասնական թեկնածուի տարբերակը»։

Այսօրվա խորհրդակցությանը ԲՀԿ-ից մասնակցել են Վարդան Օսկանյանն ու Նաիրա Զոհրաբյանը, իսկ ՀԱԿ-ից` Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը:

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության առաջին քաղաքական խորհրդակցությունը կայացել է նոյեմբերի 10-ին:

ՀՅԴ-ական պատգամավոր Արսեն Համբարձումյանը հանդիպումից հետո ասել էր, որ կողմերը հարցերի գերակշիռ մասի հետ կապված ունեն ընդհանուր մոտեցումներ, պատկերացումներ և որ նման խորհրդակցությունը լավ հիմք է հետագա հնարավոր համագործակցությունը խորացնելու և պայմանավորվածություններ ձեռք բերելու համար:

Նշենք, որ այսօր նախատեսված է նաև ԲՀԿ-ի և «Ժառանգության» հանդիպումը:

Tekali Taxi