Home / Հայաստան / Զոհված զինվորի մայրը խնդրում է դատավորի դեմ քրեական գործ հարուցել

Զոհված զինվորի մայրը խնդրում է դատավորի դեմ քրեական գործ հարուցել

2011 թվականի փետրվարին ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում զոհված զինծառայող Թորգոմ Սարուխանյանի մայրը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին է ուղարկել հաղորդում հանցագործության մասին՝ խնդրելով քրեական գործ հարուցել Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Համլետ Դավթյանի նկատմամբ:

Լենա Սարուխանյանը նշել է, որ դատաքննության ընթացքում պարզվել է, որ իր որդու մահվանից անմիջապես հետո նրա վաշտի բոլոր ժամկետային զինծառայողներին (թվով 24 հոգի) տարել են Ստեփանակերտի Ռազմական ոստիկանություն և ապօրինաբար շուրջ 10 օր պահել կալանքի տակ:

«Համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի՝ գործող նախագահող դատավոր Համլետ Դավթյանը պարտավոր էր միջնորդել դատախազությանը, որպեսզի փաստով հարուցվեր քրեական գործ: Սակայն դատավորը, շարունակելով իր որդեգրած քաղաքականությունը, այն է՝ կոծկել նախաքննության ժամանակ կատարված այս և մի շարք այլ անօրինականություններ, մինչ օրս չի կատարել օրենքի առջև ստանձնած իր պարտավորությունները», – ասված է Լենա Սարուխանյանի հաղորդման մեջ:

Սարուխանյանի կարծիքով՝ տվյալ դեպքում դատավորը թույլ է տվել պաշտոնական դիրքի չարաշահումը: Զոհված զինվորի մայրը խնդրել է դատախազին հանձնարարել, որպեսզի ՀՔԾ-ի կողմից ստուգվեն իր կողմից նշված տեղեկությունները և օրենքով սահմանված կարգով քրեական գործ հարուցվի  դատավորի հանդեպ:

Նշենք, որ համաձայն պաշտոնական վարկածի՝ Թորգոմ Սարուխանյանին դրդել են ինքնասպանության: Մայրն այդ վարկածը արժանահավատ չի համարում, պահանջում է արդար քննություն անցկացնել:

Tekali Taxi