Սիրել Ստամբուլը որպես Կ.Պոլիս. Եթե Թուրքիայում 18 միլիոն հայ, հույն և հրեա ապրեր
Եթե այսօրվա Թուրքիայում պահպանված լիներ մինչև 1915 թվականն առկա տոկոսային ժողովրդագրական համամասնությունը, ապա երկրում 18 միլիոն ոչ մահմեդական կապրեր: Այս մասին թուրքական Today’s Zaman-ի իր սյունյակում գրել է թուրք հրապարակախոս Օրհան Քեմալ Չենգիզը:
«Մի պահ պատկերացրեք 18 միլիոն ոչ մահմեդական՝ հիմնականում հայ, հույն և հրեա: Ի՞նչ Թուրքիա դա կլիներ», - հարց է տալիս Չենգիզը և փորձում պատասխաններ գտնել:
Նրա խոսքով՝ այդ դեպքում Թուրքիայի քաղաքացիներն ավելի ինքնավստահ կլինեին:
«Մենք ոչ մահմեդական պատգամավորներ կունենայինք խորհրդարանում, ինչպես Պատգամավորների Օսմանյան Հավաքում (Մեջլիս ի Մեբուսան): Մենք քրդական հարց կամ նման մի բան չէինք ունենա: Մենք չէինք լինի հասարակություն, որը կորցրել է իր հիշողությունը: Օրինակ, մենք Թուրքիայի և Հունաստանի ազգային հավաքականների խաղի ժամանակ չէինք կախի «Ստամբուլ՝ 1453 թվականից» գրությամբ պաստառ: Ընկերս՝ Բեքիր Բերատ Օզիպեքը, դեպքի առնչությամբ ինձ ասաց հետևյալը. «Այդ պաստառը մեծ հաշվով հետևյալ մեսիջն է պարունակում հույն երկրպագուներին. «Մենք չենք զգում, որ պատկանում ենք այս քաղաքին: Քաղաքը ձերն է, մենք պարզապես խլել ենք այն»»: Չեմ կարծում, որ ավելի լավ կարելի է բացատրել քաղաքի բյուզանդական անցյալը թաքցնելու «տրամադրությունը»», - գրում է Չենգիզը:
Հրապարակախոսի կարծիքով՝ եթե ոչ մահմեդականներին չվտարեին երկրից, ապա միանշանակ այսօր թուրքերն այդքան սուր չէին ընկալի «Ստամբուլ» ճանապարհային վահանակի վրա ավելացված «Կոնստանդնուպոլիս» բառը:
«Մենք ստեղծագործ խիզախություն կունենայինք Այա Սոֆիան վերաբացելու համար, որտեղ խաղաղության մեջ կողք կողքի կաղոթեին քրիստոնեաներն ու մահմեդականները: Մենք երախտապարտությամբ կնշեինք Ստամբուլի հայ ճարտարապետների անունները: Մենք կհիշատակեինք ճարտարապետ Սինանին, ով բազմաթիվ հիասքանչ գործեր է կերտել Օսմանյան կայսրության օրոք, իր հայկական՝ Արմեն Սինանյան անունով: Մենք կխոնարհվեինք այս մեծ վարպետի առջև՝ հիշելով իր իսկական ինքնությունը», - մասնավորապես, նշում է հրապարակախոսը:
Նրա խոսքով՝ եթե Թուրքիայի քաղաքացիները նման բարդույթներ չունենային և ինքնավստահ լինեին, ապա հպարտությամբ կընդունեին իրենց երկրի թե մահմեդական, թե քրիստոնեական անցյալը:
«Մենք չէինք փորձի սիրել Ստամբուլը միայն ֆիզիկական գեղեցկության համար՝ հերքելով քաղաքի անցյալը: Այդ դեպքում մեր սերը նման չէր լինի դաժան տղամարդու սիրուն, ով երկրպագում է միմիայն կնոջ ֆիզիկական մարմինը: Եթե մենք ազնիվ լինեինք, մենք ավելի ճշգրիտ գիտելիքներ կունենայինք մեր և մեր անցյալի մասին... Մենք մարդասպաններին որպես հերոս չէինք ընդունի և իսկական հերոսներին չէինք կարգի դավաճան:
Եթե այդ ամենը տեղի ունենար, մենք մեծ օգուտ կքաղեինք լեզուների, կրոնների, ազգությունների համադրությունից: Թուրքիան իր տարածաշրջանում խաղաղության կղզի կլիներ: Արդյո՞ք մենք կարող ենք այս պահից սկսած այդպիսին լինել:
Արդյո՞ք կարող ենք սրտի կսկիծ զգալ երբ Բալկաններում՝ մահմեդականները և Թուրքիայում՝ քրիստոնեաները տառապում են պաթոլոգիկ ազգայնամոլությունից: Կարո՞ղ ենք արդյոք ազատվել այն վնասներից, որ կրում ենք այդ պաթոլոգիկ ազգայնամոլությունից և սիրենք Ստամբուլը որպես Կոնստանդնապոլիս: Ի՞նչ եք կարծում», - եզրափակում է Օրհան Քեմալ Չենգիզը: