Home / Հայաստան / Մարտի 1-ի զոհերի հարազատները պատմության դասագրքի հեղինակներից ներողություն են պահանջում

Մարտի 1-ի զոհերի հարազատները պատմության դասագրքի հեղինակներից ներողություն են պահանջում

Այսօր Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի շենքի մոտ (Աբովյան փողոց) «Մարտի 1» հասարակական կազմակերպության անդամները բողոքի ակցիա են անցկացրել: Նրանք պահանջում էին հանդիպել պատտմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի, հետ, ով, իրենց խոսքով, կեղծ տեղեկություններ է զետեղել մարտի 1-ի իրադարձությունների մասին նորագույն պատմության դասագրքի մեջ:

Մինասյանը հրաժարվել է հանդիպել մարտի 1-ին զոհվածների ծնողների հետ լրագրողների ներկայությամբ: «Մարտի 1» հասարակական կազմակերպության նախագահ Ալլա Հովհաննիսյանը ՀԿ-ի հայտարարությունն է փոխանցել Մինասյանին.

«2012 թվականին ԵՊՀ երաշխավորությամբ լույս է տեսել հայոց պատմության դասագիրք, որի մեջ ներառվել է նաև 2008 թվականի մարտիմեկյան դեպքերի նկարագրությունը:

Կատարելով իշխանությունների պատվերը և հաճոյանալով գործող վարչախմբին՝ ԵՊՀ պատմաբանները դեպքերը ներկայացրել են միակողմանի և աղավաղված: Առանց որևէ փաստարկված ապացույցի գրքում անհիմն մեղադրանք է ներկայացված խաղաղ ցուցարարներին՝ նրանց ներկայացնելով որպես ջարդարարներ ու թալանչիներ:

Չբավարարվելով այսքանով՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը և մյուս հեղինակները մեղադրել են նաև մարտի  մեկի անմեղ զոհերին, գրելով այն մասին, որ երկուստեք հրաձգություն է տեղի ունեցել, որի ընթացքում զոհվել է տասը հոգի:

Պատմաբան կոչվող այս անձինք «պատմություն» են կերտել այն դեպքերի վերաբերյալ, որին ականատես է եղել հայ ժողովրդի զգալլի մասը, մեղադրել են զոհերին, որոնց սպանությունները բացահայտված չեն և մարդասպանները իշխանությունների թողտվությամբ ազատ շրջում են  հանրապետությունում: Պատմությունն այս աստիճան պղծելով և հայ ժողովրդին հանցագործ ներկայացնելով՝ վերոնշյալ «մասնագետները» կատարել են այն մարդկանց պատվերը, ովքեր, լինելով իշխանության ղեկին, Մարտի 1-ի սպանդի հեղինակներն ու գլխավոր պատասխանատուներն են: Փորձելով խուսափել պատասխանատվությունից՝ պատմաբանի «անուն» կրողները միտումնավոր շրջանցել են Մարտի 1-ին զինված ուժերի մասնակցության փաստը, որի նշման դեպքում  կապացուցվեր, որ խաղաղ ցուցարարների գնդակահարության գնով Մարտի 1-ին տեղի է ունեցել պետական հեղաշրջում, որի հիմնական իրականացնողն է եղել Հայոց բանակը:

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ պահանջում ենք բուհերից ետ կանչել նշված պատմւթյան դասագրքերը և հրապարակային ներողություն խնդրել Մարտի 1-ի զոհերի անունը արատավորելու փորձ կատարելու համար»:

Tekali Taxi