Home / Հայաստան / 36՝ կողմ, 61՝ դեմ. ՀԱԿ-ի առաջարկած նախագիծը չընդունվեց

36՝ կողմ, 61՝ դեմ. ՀԱԿ-ի առաջարկած նախագիծը չընդունվեց

Այսօր ԱԺ նիստում քվեարկության դրվեց ՀԱԿ-ի հակամենաշնորհային գործունեության վերաբերյալ ծրագիր ընդունելու մասին հարցը:

Ինչպես հայտնում է Aravot.am-ը, ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը մինչ քվեարկությունը հայտարարեց, որ մանրամասն ուսումնասիրելով օրինագծի դրույթները՝ պարզել են. «Կոնկրետ սուպերմարկետների մասով համահունչ են մեր սկզբունքային առաջադրումներին, որոնք ներկայացրել ենք մեր ծրագրում»: Նա առաջարկեց 4 ամսով հետաձգել, որ կողմ քվեարկեն. «Այլապես այս տեսքով ներկայացնելու դեպքում մենք դեմ ենք լինելու»:

Այդուամենայնիվ, քվեարկությունը կայացավ՝ առանց անդրադառնալու ՕԵԿ-ի առաջարկին: Այն չընդունվեց, քանի որ միայն 36 պատգամավոր կողմ քվեարկեց, 61-ը՝ դեմ:

Հիշեցնենք, որ նախագծում ՀԱԿ-ն առաջարկում էր.

1.         Մինչև ՀՀ Ազգային ժողովի հաջորդ նստաշրջանը մշակել և ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել տնտեսական գործունեության ազատության ու ազատ տնտեսական մրցակցության ապահովման և ապօրինի մենաշնորհների վերացմանն ուղղված անհետաձգելի միջոցառումների ծրագիր:

2.         Անհետաձգելի միջոցառումների ծրագրում ներառել օրենսդրական փոփոխությունների փաթեթ՝ առաջնային համարելով հետևյալ սկզբունքների կիրառումը.

ա) Տնտեսական  գործունեության ցանկացած ոլորտում որևէ ընկերության մասնաբաժինը, բացառությամբ բնական մենաշնորհների, չի կարող գերազանցել շուկայի 33.33%-ը:

բ) Պետական բյուջե մուտքագրել մենաշնորհային հասույթի 10 և ավելի բարձր տոկոսը՝ այն  հաշվով, որպեսզի գանձվի ստացված մենաշնորհային  շահույթի 50-95 տոկոսը։ 300 մլն դրամի  տուգանքի շեմը վերացնել:

գ) Իշխանությունն ու գործարարությունը հստակ տարանջատել: Այդ նպատակով իրականացնել որոշակի և հստակ քայլեր, որպեսզի. ա) գործարարությունը տարանջատվի պետական կառավարումից (եթե գործարարը որոշում է զբաղվել քաղաքականությամբ, դառնալ պատգամավոր կամ նախարար, ապա նա իր ունեցվածքը պետք է հանձնի պետական գույքի կառավարման գործակալությանը կամ պետության կողմից լիազորված այլ մարմնի), բ) իշխանության ղեկին հայտնված գործիչը ունենա չեզոք կառավարչի ձևական ու բովանդակային բոլոր հատկանիշները:

դ) Պետական գնումների  մասին ՀՀ օրենսդրությունը լրամշակել  այն հաշվով, որպեսզի սահմանվի գնումների գործարքների որոշակի ծավալ, ինչը կիրականացվի ՓՄՁ-երի և գյուղացիական տնտեսությունների միջոցով։ Պետական գնումների համակարգը դուրս բերել ֆինանսների նախարարության ենթակայությունից: Անհետաձգելի խնդիր համարել պետության վերահսկողությամբ 5-10 մեծածախ գյուղատնտեսական շուկաների ստեղծման ծրագիրը:

ե) Խստորեն կանոնակարգել սուպերմարկետների գործունեությունը։  Յուրաքանչյուր ծրագրային ժամանակահատվածի  համար սահմանել դրանց ցանցային կետերի ստեղծման նորմատիվներ, առաջ քաշել որոշակի  վայրերում դրանց տեղադրման պահանջներ։ Դրա հետ մեկտեղ, փոքր խանութների կենսագործունեությունն ապահովելու համար նախատեսել խոշոր քաղաքներում պարբերաբար պարենամթերքի վաճառքի մոբիլ տոնավաճառների կազմակերպումը, հարկումների կամ պարտադիր վճարումների ցածր մակարդակով։

զ) Վերանայել բարձր  տուրքերը արտադրության և վերամշակման կազմակերպման ոլորտներում։ Չեղյալ հայտարարել այսօրինակ սահմանափակող որոշումները, իջեցնել միանվագ տուրքերը, դրանք կապել արտադրության ծավալների հետ և տարալուծել ժամանակի մեջ:

է) Առնվազն 10 անգամ  կրճատել գործունեության թույլտվություն ստանալու տեսակների ցանկը:

Tekali Taxi