2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Նախագահի թեկնածուն գիտի՝ ինչպես նվազեցնել «Սերժ Սարգսյանի ձայները»

Չկա Սերժի Հայաստան, չկա Րաֆֆիի  Հայաստան, կա Հայաստան, որտեղ ընտրությունների միջոցով ժողովուրդը իշխանություն ձևավորելու հնարավորությունից զրկված է, և այս առումով թե նախագահն է, ըստ էության, նշանակված, թե խորհրդարանական ուժերն են, ըստ էության, գործարքով խորհրդարան մտել, որովհետև չի եղել ընտրություն, որի արդյունքների հետ բոլորը համաձայնեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է քաղաքական գործիչ, դիվանագետ, ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար, ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը:

«Այսօր մենք հասել ենք վերջնագծին, երբ գործող իշխանությունը պոտենցիալ քաղաքական մրցակից կուսակցություններին, ըստ էության, շանս չթողեց ընտրությունների միջոցով արդյունք գրանցել: Դրա հիմնական տուժողը հասարակությունն է, ու եթե այսօր հասարակությունն իրեն պաշտպանելու միջոցներ չձեռնարկի, մենք կունենանք մենաշնորհով, շատ մշուշոտ տխուր ապագայով պետություն», - ասել է նախագահի թեկնածուն:

Նրա խոսքով՝ իր թիմը հրաժարվում է իշխանություններին որևէ բան ապացուցելու սովորույթից, ինչը սովորաբար արվել է իրենց ներկայացուցչին սատարող քաղաքական ուժերի կողմից, ովքեր փորձել են ապացուցել, որ հենց իրենց ներկայացուցիչն է հաղթել ընտրություններում:

«Մեր խնդիրն է, որպեսզի ընտրությունները լինեն իրավաչափ: Մենք սկսելու ենք ընտրությունների իրավաչափությունները որոշել մինչև ընտրությունները», - ասել է Մելիքյանը:

Ըստ բանախոսի՝ ընտրությունների բոյկոտն ի սկզբանե կանխատեսելի էր՝ գործող իշխանության հիմնական մրցակից համարվող քաղաքական ուժերը հրաժավեցին պայքարից:

«Ասպարեզում հայտնվեցին այն մարդիկ, որոնց կարող են գնահատել Հայաստանի քաղաքական դաշտի երկրորդ էշելոնի ներայացուցիչներ: Ես նկատի ունեմ կուսակցապետերի. այժմ առաջադրվել են երեք քաղաքական ուժերի առաջնորդներ՝ «ԱԻՄ», «Ժառանգություն» և պարոն Հրանտ Բագրատյանը, ով նույնպես կուսակցապետ է: Ըստ էության, ստեղծվել է մի իրավիճակ, երբ առաջադրվողներից որևէ մեկը առայժմ, համենայնդեպս, չառաջարկեց ընտրություններում հաղթելու իրական որևէ սցենար, իսկ մենք պատրաստել ենք այդ սցենարը», - ասել է Մելիքյանը:

Նրա խոսքով՝ այսօր շատ կարևոր է ճշտել, թե Հայաստանում ձայնի իրավունք ունեցող քանի մարդ է մնացել:

«Կճշտենք, որքանով են պաշտոնական  տվյալեները լինելու ճշմարտացի: Եթե հրաժարվեն հրապարակել նման տվյալներ, մենք պարզապես կիջեցնենք նրանց  ռեյտինգը. այսինքն՝  մենք համարում ենք, որ  35-ից 40 տոկոս ընտրողներ Հայաստանում չեն ու  այդ պատճառով չեն մասնակցելու ընտրություններին: Այդ թիվը մենք կնվազեցնենք իրենց գրանցած տվյալներից: 1 միլիոն մարդ կգրանցեն ի օգուտ Սերժ Սարգսյանի, ուրեմն 40 տոկոսը դրանից կիջնի: Եթե մենք հավաստի տեղեկություններ ստանանք, որ զինվորներին  պարտադրում են քվեարկել հօգուտ գլխավոր հրամանատարի, ուրեմն 100 հազար մարդու քվե մենք կհանենք Սերժ Սարգսյանի ձայներից», - նշել է քաղաքական գործիչը:

Նա նաև ավելացրել է, որ վերը նշվածները իրենց մարտավարության որոշ դրվագներն են միայն, իսկ դրույթների ամբողջական տեքստը կհրապարակվի շաբաթվա վերջում: