Home / Հայաստան / Ռուսաստան մեկնող ստոմատոլոգը հույս ունի «մի օր վերադառնալ», եթե պայմանները փոխվեն

Ռուսաստան մեկնող ստոմատոլոգը հույս ունի «մի օր վերադառնալ», եթե պայմանները փոխվեն

Փետրվարի 1-ից հետո Հայաստանից հեռանալ պատրաստվող բժիշկների «բանակն» էլ ավելի կմեծանա: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտնել են այսօր ՀՀ նախագահի նստավայրի և ԱԺ-ի մոտ ակցիա անցկացնող ստոմատոլոգները: Փետրվարի 1-ից նրանցից շատերը դադարեցնում են գործունեությունը, քանի որ ի վիճակի չեն վճարել նոր հարկը՝ ամսական 80 հազար դրամ մեկ բոռ-մեքենայի համար:

Ակցիայի մասնակից ատամնաբույժներից մեկը մեզ հետ զրույցում փաստել է, որ մինչ օրենքի ուժի մեջ մտնելը (2013 թվականի հունվարի 1) ինքն արդեն դիմել էր Ռուսաստանի Միգրացիոն դաշնային ծառայության երևանյան գրասենյակ` «Համերկրացիներ» ծրագրի շրջանակներում Ռուսաստան մեկնելու ցանկություն հայտնելով, իսկ այժմ էլ ավելի համոզված է, որ իր քայլը ճիշտ է: Նա նշել է, որ մերժում չի ստացել, քանի որ հայտնել է, որ ինքը մասնագիտությամբ ատամնաբույժ է:

«Ես ուղղակի գնացել էի փորձելու, քանի որ ինձ ասել էին, թե կարող է ստացվել: Գրասենյակում հարցրի՝ եթե թույլ կտաք՝ փաստաթղթերը կհանձնեմ, ուղղակի սպասել չեմ կարող, հիվանդներ ունեմ: Հենց իմացան բժիշկ եմ, ասացին՝ սպասեք», – ասել է մեր զրուցակիցը, ով չի ցանկացել ներկայանալ:

Նրա խոսքով՝ փաստաթղթերի հանձնելու հետո ուղիղ մեկ ամիս անց տեղեկացրել են, որ իր դիմումը չի մերժվել:

«Գրասենյակում ինձ նախօրոք ասում էին, որ ամբողջ գործընթացը տևելու է մի 4-5 ամիս, որովհետև, երբ առաջին անգամ ասում են, որ անցել եմ, դրանից հետո ուրիշ դիմումի ձև է լրացվում, այդ դիմումը նորից վերանայվում է, հետո նոր տալիս են ծրագրին մասնակցելու վկայականը: Ուղղակի իմն այնքան արագ ստացվեց, որ շատ զարմանալի էր»,- պատմել է մեր զրուցակիցը:

Նա նաև ընդգծել է, որ այդ օրը գրասենյակ դիմած մի քանի տասնյակ քաղաքացիներից միակ հաջողակն ինքն է եղել, ում առանց որևէ խնդրի ընդունել են, մնացած բոլորն անխտիր մերժվել են:

«Իմ հիվանդներից մեկը, ով այս ծրագրով մեկնել է Վոլգոգրադ, հեռախոսով պատմում էր, որ իրենց ամբողջ շրջաններում մասնագետի կարիք ունեն ու պահանջարկ ունեցող մասնագետներին հաստատ խնդրելու են: Բոլորին էլ հայտնի է, որ դրսում մեր մասնագիտությունը ամեն տեղ էլ գնահատվում է, բայց ոչ Հայաստանում», – նշել է բժիշկը:

Երիտասարդ ատամնաբույժի խոսքով՝ ամենացավալին այն է, որ մեր երկիրը աստիճանաբար դատարկվում է:

«Եթե այսպես շարունակվի, ոչ մի լավ մասնագետ ցանկություն չի ունենա մնալ Հայաստանում, իսկ մեր իշխանություններն ամեն ինչ անում են, որ նպաստեն նրանց հեռանալուն: Բոռ-մեքենայի թանկացումը դրա վառ ապացույցն է. ստոմատոլոգները ստիպված կհեռանան, նրանց էլ կհետևեն անեսթեզիոլոգները, վիրաբույժները ու էլի շատ-շատերը», – ասել է մեր զրուցակիցը:

Նա նաև ավելացրել է, որ Ռուսաստանի Դաշնություն է մեկնելու մոտ ժամանակներս, իսկ կնոջն ու զավակներին կտեղափոխի ավելի ուշ:

«Թեև հիասթափված եմ հեռանում հայրենիքից ու այս պահին մտածում եմ, որ դա ընդմիշտ է լինելու, այնուամենայնիվ, հույս ունեմ, որ մի օր կվերադառնամ հայրենիք, եթե, իհարկե, պայմանները փոխվեն ու իշխանությունները թույլ տան մարդավայել ապրել», – եզրափակել է ատամնաբույժը:

Լուսանկարը՝ ստոմատոլոգների այսօրվա ակցիայից

Tekali Taxi