Գլխավոր / Հայաստան / «Կուտը կերել են». կողմ և դեմ կարծիքներ՝ Հայաստանում մամուլի ազատության վիճակի մասին

«Կուտը կերել են». կողմ և դեմ կարծիքներ՝ Հայաստանում մամուլի ազատության վիճակի մասին

Միայն այն փաստը, որ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցի համաձայն մամուլի ազատության ցուցիչով Հայաստանը Վրաստանից առաջ է, բավարար է զեկույցին թերահավատորեն վերաբերվելու համար: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ, ըստ երեկ հրապարակված «Մամուլի ազատության ցուցիչը 2013» զեկույցի, Հայաստանն աշխարհում զբաղեցնում է 74-րդ տեղը՝ 3 հորիզոնականով բարելավելով դիրքերը նախորդ տարվա համեմատ, իսկ Վրաստանը գտնվում է 100-րդ տեղում:

«Վրաստանում կա 2 հեռուստաալիք, որոնք ոչ միայն ազատ են եղել ընդդիմադիրների համար, այլև խմբագրական քննադատություն են ուղղել իշխանություններին», — ասել է Բարսեղյանը՝ հավելելով, որ Հայաստանում ոչ մի հեռուստաընկերություն նման ազատություն չի վայելում:

«Եթե խմբագրին ասում են՝ ում ուզում ես քննադատի, բայց Աստծուն մի կպի, արդյոք, կարելի է դա ազատություն համարել», — հռետորական հարց է տվել Բարսեղյանը՝ հավելելով, որ խմբագիրը պետք է անվերապահ ազատություն ունենա:

Մեր զրուցակցի կարծիքով՝ մամուլի ազատությունից խոսելիս՝ պետք է նաև հաշվի առնել լրատվության ազդեցությունը հասարակական-քաղաքական իրավիճակի վրա: Օրինակ, քաղբանտարկյալների մասին գրելը՝ բերում է արդյոք նրանց ազատ արձակելուն: Ըստ Բարսեղյանի, այդպիսի արդյունքների հասնելու, հասարակական կարծիք ձևավորելու համար լրատվությունը պետք է հասանելի լինի բնակչության մեծ մասին, իսկ Հայաստանի դեպքում դա հնարավոր է միայն հեռուստատեսության միջոցով:

Civilnet.am կայքի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը նույնպես կարծում է, որ Հայաստանում մամուլի ազատություն ասելով՝  նկատի չունենք հեռուստատեսությունները, քանի որ այստեղ այդ ազատությունը չի արտացոլվում:

«Որովհետև հեռուստատեսությունը միայն նախընտրական շրջանում է, որ հասանելի է դառնում քաղաքական բոլոր շերտերի համար: Ընդհանուր առմամբ այն փակ է, իսկ հեռուստատեսությունը՝ որքան էլ որ ինտերնետը, էլեկտրոնային մեդիան զարգացել է, միևնույնն է դեռ շարունակում է մնալ ինֆորմացիայի հիմնական աղբյուր բնակչության մեծ մասի համար: Ու քանի որ հեռուստատեսությունը սահմանափակված է, հեռուստատեսությամբ մարդկանց տարբեր տեսակետները ներկայկացնելու հնարավորությունը սահմանափակված է, բնականաբար, այդ ցուցիչը լուրջ կասկածի տեղիք է տալիս: Մյուս կողմից՝ եթե մամուլի ազատության պահն ենք նայում, կա նաև մամուլի որակի ցուցիչ: Դա լրիվ այլ հասկացություն  է, որովհետև մեզ մոտ շատ հաճախ այդ ազատությունը շփոթում են սանձարձակության հետ: Եթե դրանով է  գնահատվում ազատությունը՝ միգուցե այդ առումով մենք բավական ազատ ենք, բայց դա չի նշանակում, որ ընդհանուր առմամբ լավ վիճակում ենք»,- ասել է Կարեն Հարությունյանը:

Ոլորտում առաջընթաց չի նկատել նաև «Հայկական ժամանակ» օրաթերթի պատասխանատու խմբագիր Հայկ Գևորգյանը: Նրա խոսքով՝ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն «ուղղակի կուտը կերել է»:

«Դե, ասենք, 2012 թվականին այն, ինչ կատարվեց ինձ հետ՝ վրաերթի պատմությունը, ցույց է տալիս, որ Հայաստանի մամուլի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը շատ լուրջ առաջընթաց է: Իսկ ավելի լուրջ՝ ոլորտում իրավիճակը եթե ավելի վատ չի, ապա հաստատ ավելի լավ էլ չի:

Որևէ փոփոխություն ես չեմ տեսնում, իրենք կոսմետիկ ինչ-որ փոփոխություններ են արել: Հենց նույն «Ժողովուրդ» օրաթերթի հետ տեղի ունեցածն էլ ցույց է տալիս, որ այդ փոփոխությունն ընդամենը կոսմետիկ բնույթ է կրում»,- ասել է Հայկ Գևորգյանը:

Հանրային հեռուստաընկերության «Տեսանկյուն» հաղորդման հեղինակ Գևորգ Ալթունյանը նշել է, որ չի կարող ասել՝ արդյոք զեկույցն ամբողջությամբ արտացոլում է հայաստանյան մամուլի իրական վիճակը, թե ոչ:

«Այսինքն՝ զեկույցն ամբողջությամբ չեմ տեսել, չեմ կարող ասել, բայց այն փաստը, որ զեկույցում արձանագրված առաջընթաց կա, դա բնակաբար արտացոլում է»,- կարծիք է հայտնել Ալթունյանը: Մեր այն հարցին, թե արդյոք ինքն իր աշխատանքում այդ առաջընթացը զգում է, վերջինս դրական պատասխան է տվել:

«Կենտրոն» հեռւոստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ Պետրոս Ղազարյանը նշել է, որ 179 երկրների խոսքի ազատությունից տեղյակ չի, որպեսզի ճիշտ գնահատի զեկույցի օբյեկտիվությունը: Նրա խոսքով, սակայն, Հայաստանում մամուլի ազատության առումով թե թերթերի, թե հեռուստաընկերությունների շրջանում առաջընթացը միանշանակ է:

«Եթե մենք տեսնենք նախագահական նախընտրական քարոզարշավը, ապա բոլոր թեկնածուներն էլ, կարծես, հավասարապես լուսաբանվում են, որևէ խնդիր չկա: Ես օրինակ բերեմ. խորհրդարանական ընտրություններ եղան, էդ խորհրդարանական ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածը, եթե համեմատում ենք անցած ընտրությունների հետ, իհարկե, իդեալական չէր, իհարկե շատ խնդիրներ կան, իհարկե ամեն ինչ կախված է դեռևս իշխանության որոշումից, ցանկությունից, բայց այն, որ մենք այսօր ունենք ավելի ազատ լրատվական դաշտ, քան մեկ տարի առաջ, երկու տարի առաջ, երեք տարի առաջ, փաստ է: Էլ չեմ ասում՝ 7-8 տարի առաջ»,- ասել է Պետրոս Ղազարյանը:

Նա նույնպես ասել է, որ իր աշխատանքում նա զգում է առաջընթացը և կարծիք հայտնել, որ չկա հեռուստաընկերությունում աշխատող լրագրող, որ այդ առաջընթացը, եթե խոսքը քաղաքական ազատությունների մասին է, չզգա: