2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Օմբուդսմենը բոլորին կոչ է անում համագործակցել Ոստիկանության հետ

Յուրաքանչյուր ընտրություներից հետո լինում են որոշակի արդյունքներ և բազմատեսակ գնահատականներ: Ընտրությունների արդյունքներից առավել կարևոր է հանրության վստահությունը այդ արդյունքների նկատմամբ, իսկ հանրության վստահությունը կարող է ձևավորվել միայն չեզոք և օբյեկտիվ գնահատականներով: Այս մասին ասված է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի տարածած հայտարարության մեջ:

Ըստ Անդրեասյանի՝ այսօրվանից շատ տեղական և միջազգային կազմակերպություններ կներկայացնեն իրենց գնահատականները այս ընտրությունների վերաբերյալ: Այդուհանդերձ, որևէ գնահատական չի կարող լինել հայ հանրության համար լիարժեք և վստահելի, եթե Հայաստանի Ոստիկանությունը օբյեկտիվորեն չներկայացնի, թե hետևյալ լրջագույն ընտրախախտումների վերաբերյալ քանի ահազանգ է եղել և դրանցից քանիսն են եղել հիմնավոր՝


  • ընտրակաշառքի բաժանում,

  • կրկնակի քվեարկություն,

  • ուղղորդված քվեարկություն,

  • քվեաթերթիկի լցոնում,

  • հանձնաժողովի անդամի կամ վստահված անձի ճնշում ձայների հաշվարկի ընթացքում,

  • ձայների հաշվարկի արդյունքների կեղծում:


ՄԻ պաշտպանը նշում է, որ Ոստիկանությունը պետք է հրապարակի նաև այդ ահազանգերը հիմնավոր կամ անհիմն գնահատելու հիմքերն ու պատճառները:

Չափազանց կարևոր է նաև հրատապ պարզել և հանրությանը ներկայացնել, թե ինչու էր քվեարկության օրը խափանվել «Գալա» հեռուստաընկերության կայքի աշխատանքը: Անհրաժեշտ է նաև հրատապ բացահայտել լրագրողների ու դիտորդների գործունեության խոչընդոտման բոլոր դեպքերը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

«Ոստիկանության ոչ արժանահավատ աշխատանքը կարող է ստվերել այս ընտրությունների բոլոր փուլերի դրական ձեռքբերումները: Այսպիսով, ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրության վստահության և ընտրությունների ընդհանուր գնահատականի համար պատասխանատվության ողջ ծանրությունն ընկած է Հայաստանի Ոստիկանության վրա:  Կոչ եմ անում բոլոր կառույցներին և անհատներին սերտորեն համագործակցել Ոստիկանության հետ, որպեսզի հնարավորինս արագ և արդյունավետ բացահայտվեն բոլոր ընտրական հանցագործությունները, և հանրությունը ստանա ընտրախախտումների իրական ծավալները և պատկերը», - ասված է հայտարարության մեջ:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը վերոհիշյալ էական և այլ  ընտրախախտումների վերաբերյալ ստացել է 253 ահազանգ:

«Մինչև առաջիկայում ընտրությունների վերաբերյալ մեր համապարփակ գնահատականը ներկայացնելը մենք կշարունակենք ընդունել ընտրության փուլերում կատարված խախտումների վերաբերյալ ահազանգեր, հետևել զանգվածային լրատվության միջոցների համապատասխան հրապարակումներին, դիտորդական կազմակերպությունների գնահատականներին և հետընտրական զարգացումներին», - եզրափակել է Անդրեասյանը: