Home / Հայաստան / ՎԻԴԵՈ. «Ոչ թե Րաֆֆիի կողքին, այլ Ազատության հրապարակում». Նիկոլ Փաշինյան

ՎԻԴԵՈ. «Ոչ թե Րաֆֆիի կողքին, այլ Ազատության հրապարակում». Նիկոլ Փաշինյան

Խոսափողին մոտեցած ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին Ազատության հրապարակում հավաքվածները դիմավորել են «Նիկոլ, Նիկոլ» վանկարկումներով, ինչին ի պատասխան Փաշինյանը հիշեցրել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը խնդրել էր անուններ չհնչեցնել:

Պատգամավորը նշել է, որ վերջին օրերին Ազատության հրապարակում և դրանից դուրս Հայաստանի քաղաքացիներին հետաքրքրում է մեկ հարց՝ ի՞նչ է կատարվում այս օրերին երկրում:

Նրա խոսքով՝ փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո Հայաստանում հաստատվել է քաղաքական բացարձակապես նոր իրավիճակ:  Քաղաքական որոշ ուժեր հրաժարվեցին ընտրություններին մասնակցելուց, որից հետո թվում էր, թե երկրում պետք է ստեղծվի մի իրավիճակ, երբ քաղաքական պայքարը կունենա մեկ բևեռ՝ ի դեմս Սերժ Սարգսյանի: Սակայն, Նիկոլ Փաշինյանի խոսքով, տեղի ունեցավ աննախադեպ բան. ժողովուրդն ինքնակազմակերպվեց որպես քաղաքական պայքարի բևեռ, և այժմ պայքարի կողմերը երկուսն են՝ 2008թ. մարտի 1-ին իշխանությունը բռնազավթած խումբը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, և Հայաստանի ժողովուրդը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Փաշինյանի խոսքով՝ յուրաքանչյուր բևեռ ունի թե հաղթանակ, թե հաջողություն: Սերժ Սարգսյանի հաջողությունն այն է, որ նա շարունակում է մնալ իշխանության գլուխ, սակայն երբեք չի ստանա իր երազած լեգիտիմությունը, չի կարողանա շրջել Մարտի 1-ի էջը: Ժողովուրդը, իր հերթին, ունեցավ հաջողություն՝ կարողացավ ընտրել դե ֆակտո նախագահ՝ ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, սակայն արձանագրել այդ հաղթանակը դեռ չի հաջողվել:

Պատգամավորը կարծիք է հայտնել, որ իրականում Րաֆֆի Հովհաննիսյանն է երեկ իր աշխատասենյակում ընդունել Սերժ Սարգսյանին և ոչ թե հակառակը:

Հաղթանակի գրավականներից մեկը, Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ, պետք է լինի այն, որ հարթակը, որը գլխավորում է Հովհաննիսյանը, պետք է անկեղծ ու բաց լինի ժողովրդի հետ, ինչը Փաշինյանը կասկածի տակ չի դրել, իսկ Սերժ Սարգսյանը պետք է ոչ մի հանգիստ գիշեր չանցկացնի՝ այսօրվանից սկսած:

Փաշինյանը կարևորել է այս պայքարում քաղաքական ուժերի դերակատարումը:

Երկմտանքներից խուսափելու համար՝ Փաշինյանն ասել է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, որը ցանկանում է արդարություն հաստատել երկրում, պետք է լինի Ազատության հրապարակում:

«Ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին, այլ Ազատության հրապարակում, որովհետև  նա նախագահ է ընտրվել ժողովրդի կամքով, և յուրաքանչյուր ուժ պետք է պաշտպանի ժողովրդի որոշումը», – շեշտել է Փաշինյանը:

Ելույթից հետո նա սեղմել է Հովհաննիսյանի ձեռքը և գրկախառնվել:

Tekali Taxi