Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հովհաննիսյանը խոսեց Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից և հետագա քայլերից

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հովհաննիսյանը խոսեց Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից և հետագա քայլերից

«Դուք ընտրեցիք ձեր ծառային, ով 5 տարի բաց, թափանցիկ ու հաշվետու պիտի կանգնի ձեր արջև ու իրականացնի պետական օրակարգը», – դիմելով Ազատության հրապարակում գտնվող քաղաքացիներին՝ հայտարարել է «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը, ինչպես և խոստացավ երեկ, ներկայացրել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մանրամասները:

«Ոմանք հարցրեցին՝ ինչո՞ւ գնացի Սերժ Սարգսյանի մոտ սեփական ոտքով», – ասել է «Ժառանգության» ղեկավարը և բացատրել իր որոշաման պատճառը. «Որովհետև բարդույթ չունեմ և պատրաստ եմ հարգանք մատուցել, բայց հարգանք մատուցելով հանդերձ՝ պահանջել ՀՀ քաղաքացու հաղթանակի ճանաչումը»:

«Հարգանքով հանդերձ՝ ասացի՝ ճանաչեք ժողովրդի հաղթանակը: Պատասխանը՝ ոչ: Ասացի՝ շամպայն խմելու փոխարեն՝ նոր ընտրություն անցկացրեք, և պատասխանը կրկին՝ ոչ: Այս խոսքերից հետո հավաքվածները սկսեցին վանկարկել «Ամոթ, ամոթ» և սուլել:

«Երկրի ապագային միտված այս սահմանադրական ջրբաժանը հաղթահարելու համար, զեկուցում եմ, ասացի՝ պատրաստ չե՞ք ժողովրդի հաղթանակը ընդունելու, պատժելու կեղծարարներին՝ գյուղապետերին, հրամանատարներին, որոնք զինվորին բերեցին կրկնակի քվեարկության, վարչապետին, նախարարին, ովքեր սպառնացին ու ճնշեցին: Եթե պատրաստ չեք, չունեք այդ ուժը ժողովրդի հաղթանակը ճանաչելու, ուրեմն նվազագույնը չնեղանաք ինձանից», – ասել է Հովհաննիսյանը:

Նա հայտարարեց, որ այլևս ասելիք չունի:

«Ասելիքը հետևյալն է. այն հրամանատարը, ով հայ զինվորին ուղղի ժողովրդի դեմ, գործ կունենա իմ և ժողովրդի հետ: Այն ոստիկանը, ով նույնպես մեր հպարտությունն է, չի ապահովի մեր անվտանգությունը, պատասխան է տալու», – ասել է «Ժառանգության» ղեկավարը:

Նրա խոսքով, պայքարը տարվելու է հանդարտ, սահմանադրական ճանապարհով:

Ներկայացնելով հետագա քայլերը՝ Հովհաննիսյանն ասել է, որ վաղվանից իրենք մտադիր են շրջագայել Հայաստանի գյուղերով և քաղաքներով:

«Վաղը՝ ժ.12:00-ին, գնալու ենք Աշտարակ, 14:30-ին՝ Վանաձոր, 17:00-ին՝ Գյումրի, իսկ կիրակի հանդիպելոիւ ենք այստեղ՝ Ազատության հրապարակում, որտեղ այլև արյուն չի թափվելու, այլ նոր կյանքի սկիզբ է դրվելու: Կիրակի՝ 15:00-ին, հավաքվում ենք այստեղ», – ասել է Հովհաննիսյանը:

Նա առաջարկել է Երևանի քաղաքապետին, ով ի գիտություն չընդունեց հանրահավաք անցկացնելու հայտը, հենց այս պահին ի գիտություն ընդունել, որ սա Ազատության հրապարակն է, և ոչ մեկի սեփականությունը չէ, և հայ ժողովուրդը հավաքվելու է այստեղ, երբ ցանկանա:

Այնուհետև Հովհաննիսյանը դիմել է ժողովրդին՝ հարցնելով. «Պատրա՞ստ եք օգնելու», ինչին ի պատասխան հնչեց «Այո»:

Րաֆֆի Հովհաննիսյանն էլ, իր հերթին, հայտարարեց,մ որ պատրաստ է իր վրա վերցնել օրենքը և պաշտպանել բոլորի շահերը:

Հավաքվածներին Հովհաննիսյանը հրավիրել է վաղը միանալ իրենց: Հանրահավաքի մասնակիցներից հնչեցրած հարցին, թե ինչպես են գնալու այլ քաղաքներ, Րաֆֆի Հովհաննիսյանը ժպտալով պատասխանել է. «Ամեն մեկն իր ձևով: Ես, երևի, ոտքով գնամ»:

Հանրահավաքի վերջում «Ժառանգության» ղեկավարը հայտարարեց, որ Հյուսիսային պողոտայով և Ամիրյանով  քայլելու է դեպի Հանրապետության Հրապարակ՝ «Բարևի հեղափոխությունը» սկսելու:

Tekali Taxi