Home / Հայաստան / Դասադուլ նաև այսօր. ակտիվիստները ներկայացնում են Սահմանադրության և օրենքի հոդվածները

Դասադուլ նաև այսօր. ակտիվիստները ներկայացնում են Սահմանադրության և օրենքի հոդվածները

«Երիտասարդ ընդվզում» նախաձեռնությունը շարունակում է դասադուլ-ակցիաները՝ կոչ անելով ուսանողներին միանալ դրանց: Առաջին ակցիան կայացավ երեկ, իսկ այսօր նախաձեռնությունը կրկին հավաքի է հրավիրում ժամը 11:00-ին, ԵՊՀ-ի գլխավոր մասնաշենքի մոտ:

Ակտիվիստների նպատակն է դասադուլի միջոցով հնչեցնել կեղծված նախագահական ընտրությունների մասին ուսանողության բողոքը:

«Մենք պահանջում էինք չեղյալ հայտարարել կեղծված ընտրությունների արդյունքները և կազմակերպել նոր ընտրություններ», – նշված է նախաձեռնության կողմից տարածված հայտարարության մեջ:

Ակտիվիստներն ընդգծում են, որ երեկվա միջոցառման ընթացքում իրենք բազմաթիվ  ահազանգեր են ստացել այն մասին, որ ակցիային ակտիվ մասնակիցներին սպառնացել են բուհից հեռացնել իրենց քաղաքացիական գործունեության պատճառով:

«Որոշ համալսարաններում ելումուտն արգելված չէր միայն ուսանողական խորհրդի անդամների համար, որոնք ուսանողների շահերը պաշտպանելու փոխարեն փորձում էին խանգարել նրանց ազատտեղաշարժման իրավունքի յուրացմանը:

Ստորև ձեզ ենք ներկայացնում Սահմանադրության և ՀՀ Հավաքների ազատության մասին այն հոդվածները, որոնց համաձայն մենք` ուսանողներս, յուրացնում ենք մեր իրավունքը.

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հոդված 29. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք: Զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում ծառայողների, ինչպես նաև դատավորների և սահմանադրական դատարանի անդամների կողմից այդ իրավունքների իրականացման սահմանափակումներ կարող են նախատեսվել միայն օրենքով։

Հ Հ ՕՐԵՆՔԸ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 6. Հավաքներին մասնակցելու իրավունքը

1. Հավաքներին մասնակցելու իրավունք  ունի յուրաքանչյուր ոք  (Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք):

2. Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու անձին մաuնակցել որևէ հավաքի կամ խոչընդոտել նրա մասնակցությունը որևէ հավաքի։

3. Հավաքի մասնակից է այն անձը, որը հավաքի անցկացման ժամանակ գտնվում է հավաքի վայրում` հավաքին մասնակցելու նպատակով:

4. Հավաքի մասնակից չեն հավաքի անցկացման վայրում հավաքի անցկացման ժամանակ իրենց լիազորություններն իրականացնելու կամ աշխատանքային պարտականությունները կատարելու,ստեղծագործական գործունեություն կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ գործունեություն իրականացնելու նպատակով գտնվող անձինք, ինչպես նաև հավաքի լուսաբանման նպատակով ներկագտնվող զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները»,- ասված է «Երիտասարդ ընդվզում» նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:

Tekali Taxi