Home / Տեսանյութեր / Ոստիկանությունն արձագանքել է ընտրախախտումների մասին Օմբուդսմենի հաղորդմանը

Ոստիկանությունն արձագանքել է ընտրախախտումների մասին Օմբուդսմենի հաղորդմանը

Երեկ Ոստիկանությունը հրապարակայնորեն արձագանքել է Օմբուդսմենի  կողմից ներկայացված ընտրախախտումների և ընտրահանցանքների մասին հաղորդմանը և հայտնել, որ Պաշտպանի կողմից ներկայացված 10 ընտրահանցանքներից 8-ը դեռևս քննվում են ոստիկանության կողմից, իսկ երկուսի քննությունն արդեն ավարտված է հանցագործության դեպքի բացակայության պատճառով:

«Ամենևին չպնդելով, որ մեզ ահազանգած քաղաքացիները բոլոր դեպքերում տիրապետում և ներկայացնում են բացարձակ ճշմարտությունը, այդուհանդերձ, կարևոր է, որ նրանց կողմից տրված տեղեկատվության հերքման դեպքում բոլորիս ներկայացվեն կատարված աշխատանքի մանրամասներ և համոզիչ փաստարկներ: Մասնավորապես, Սիսիան քաղաքում և Վերին Գետաշեն գյուղում ընտրակաշառք բաժանելու այս երկու գործերով անհրաժեշտ է ներկայացնել, թե ումից և ինչ բովանդակությամբ բացատրություն է վերցվել, և եղել են արդյոք իրարամերժ բացատրություններ», – ասված է ՄԻ պաշտպանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

Ըստ Օմբուդսմենի՝ եթե եղել է թեկուզ մեկ իրարամերժ բացատրություն, ապա անհրաժեշտ է քրեական գործ հարուցել, որը հնարավորություն կտա կատարել այլ քննչական և քրեադատավարական գործողություններ (առերեսումներ, ճանաչման ներկայացնել, փորձաքննություններ, այլուրեքությունների պարզում և այլն): Այսինքն՝ անհրաժեշտ է, որպեսզի ցանկացած ողջամիտ մարդ հավատա, որ ոստիկանությունը հանցագործությունը բացահայտելու համար արել է ամեն հնարավորը:

«Հուսով ենք՝ ընտրահանցանքների մասին այս և բոլոր մյուս հաղորդումների պարագայում Ոստիկանությունը հավուր պատշաճի կընդունի և կիրագործի մեր հորդորը, քանի որ հակառակ դեպքում կստվերվի ոչ միայն ոստիկանության կատարած աշխատանքը, այլև ընտրությունների ողջ պատկերը», – նշում են հայտարարության հեղինակները:

Կարեն Անդրեասյանը այս կապակցությամբ հատկապես ընդգծել է. «Մեր հասարակությունը հաճախ առավել կարևորում է քաղաքական գնահատականներն ու գործընթացները և անտեսում իրավականը: Ցանկացած հետընտրական գործընթացում ամենևին չթերագնահատելով քաղաքական բաղադրիչները՝ այնուամենայնիվ, անհրաժեշտ է նվազագույնը դրանց զուգակցել իրավական գործընթացները: Հետևաբար ծայրահեղ անհրաժեշտ է հասարակության ուշադրությունը սևեռել նաև առանձին ընտրախախտումների և ընտրահանցանքների վրա: Ինդուկցիայի մեթոդով (մասնավորից դեպի ընդհանուրը) կարելի է ձևավորել և հիմնավորել առանձին քաղաքական գնահատականներ: Այս ընտրություններում առանց այն էլ շատ չեն ընտրահանցանքների վերաբերյալ փաստական տվյալներ պարունակող ահազանգերը, հետևաբար չի կարելի անտեսել և ոչ մի դեպք: Չի կարելի թույլ տալ, որ իրավապահ մարմինները թեկուզև թափանցիկ ու հրատապ, բայց այնուամենայնիվ ընդհանուր ու միատեսակ բացատրություններով ավարտեն այդ գործերի քննությունը»։

Tekali Taxi