Գլխավոր / Հայաստան / «Դասադուլ դասերից հետո» և ստուգարք՝ բողոքողների դեմ ակցիա կազմակերպելու դիմաց (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

«Դասադուլ դասերից հետո» և ստուգարք՝ բողոքողների դեմ ակցիա կազմակերպելու դիմաց (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

Արդեն երրորդ օրն անժամկետ դասադուլ անցկացնող ուսանողներն այսօրվա ակցիան դարձյալ սկսեցին ԵՊՀ-ի շենքի մոտ: Ակցիայի մեկնարկը նշանավորվել է միջադեպով. դասադուլի մասին իրազեկող ուսանողների վրա հարձակվել են մի քանի դասախոսներ՝ հոդրորելով հեռանալ համալսարանի մոտից, քանի որ «ոչնչի չեք հասնելու»:

Ինչպես Epress.am-ին հայտնել է իրազեկողներից մեկը՝ Նարեկ Վաղարշյանը, դասախոսների հարվածներից իրենց փրկել են ոստիկանները, միջադեպը հարթվել է, և դասադուլավորները շարունակել են իրենց երթը դեպի Ագրարային համալսարան, որտեղ նոր անակնկալների են հանդիպել: Դասադուլի մասնակիցների «բարև» վանկարկումներին մուտքի մոտ հավաքված մի խումբ ուսանողներ պատասխանել են՝ «հա-ջող», «հե-ռա-ցեք» բղավելով:

Ոստիկանական մի շարասյուն կանգնել է երկու ճամբարների միջև՝ թույլ չտալով նույնիսկ լրագրողներին անցնել համալսարականների կողմ և հարցնել՝ ինչու են հեռանալու կոչեր անում դասադուլավորներին:

Ագրարային համալսարանի նախկին ուսանողներից մեկը՝ Նարեկը, պահանջել է, որպեսզի համասլարանը վերադարձնի իր պատվոգրերը և մեդալները, որ ինքը ժամանակին ստացել է և նվիրել է բուհին: «Հեռացեք» գոռացողների խմբից մաստակներ ու ծխախոտի դատարկ տուփեր են նետել ակտիվիստների և լրագրողների վրա: «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողը դիմել է Երևանի քաղաքային վարչության ՊՊԾ գնդի հրամանատար Վալերի Օսիպյանին՝ խնդրելով պատժել իրեն հարվածողին, ինչին ի պատասխան Օսիպյանը խորհուրդ է տվել ավելի ուշ դիմել ոստիկանություն դիմումով:

Ագրարայինի ուսանողներից մեկն էլ ասել է, որ նման հակընդդեմ ակցիա անելու դիմաց ուսանողներին խոստացել են ստուգարք նշանակել:

«Վերջին լեկցիան, որ դուք գրել եք, առաջին դասարանի թելադրությունն է եղել: Դե գնացեք դասի, ինչու եք մեր դեմ դուրս եկել», — մուտքի մոտ հավաքվածներին կոչով դիմել է ակտիվիստ Դանիել Իոաննիսյանը:

Բողոքի ակցիայի մասնակից Ռուզաննա Գրիգորյանը փորձել է, այնուամենայնիվ, հեռանալուց առաջ ուսանողներին բաժանել ՀՀ սահմանադրության պատճենները: Դասախոսներից մեկը վերցրել է տեքստը, ճմրթել ու դեն է նետել, իսկ լրագրողների խնդրանքին ի պատասխան հրաժարվել է ներկայանալ:

Ճարտարագիտական համալսարանի մոտ դասադուլավորների դեմ նույնպես հակընդդեմ ակցիա է կազմակերպվել:

Կոնսերվատորիայում ևս մի խումբ ուսանողներ և բուհի աշխատռակիցներ դիմավորել են ակտիվիստներին:

«Սա մասնագիտական բուհ է: Պետք չէ դասերը խանգարել: Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում»,- ասել է Կոնսերվատորիայի ռեկտորի օգնական Գուգերն Բավեյանը՝ հավելելով, որ չի կարծում, թե ընտրությունները կեղծվել են:

«Ես երաժիշտ եմ, ես նվագում եմ և ինձ դուր է գալիս իմ կյանքը: Չեմ կարծում, թե մեր պետականությունը վտանգ է սպառնում ու պետք է դասեր չանել դրա համար»,- ասել է ՈւԽ նախագահ Լևոն Այվազյանը:

Կոնսերվատորիայի ուսանողուհի Շողակաթ Վարդանյանը, ով միացել է դասադուլին, հակադարձել է՝ ասելով, որ ՈՒԽ-ն զբաղվում է քաղաքականությամբ և Facebook-ի իր էջում կոչ է արել ուսանողներին չմասնակցել դասադուլի:

Բողոքի ակցիայի մասնակիցներն այցելել են նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ: Ակտիվիստներին ընդառաջ մի ուսանողուհի է դուրս եկել, հայտարարել, որ ներկայացնում է բուհի ուսանողությունը և կոչ է արել հեռանալ ու չխանգարել դասերին: Նա պնդել է, որ ուսանողներին ոչ մեկը չի արգելում մասնակցել դասադուլ-ակցիային:

Ակտիվիստների հետ զրուցել է մեկ այլ ուսանող ևս, ով նշել է, որ դասադուլ կարելի է անել դասերից հետո: Դա առաջացրել է դասադուլավորների ծիծաղը և հեգնական մեկնաբանությունների է արժանացել:

Ակցիայի ընթացքում Դանիել Իոաննիսյանը բարձրախոսով դիմել է Թատերականի ռեկտոր Արմեն Մազմանյանին:

«Էն վերևում Մազմանյանին ասեք, որ ինքն է մարտի 1-ի դրդում, բայց մարտի 1 չի լինելու, իրենք չեն հասնի դրան», — հայտարարել է Իոաննիսյանը