Ստեղծված իրավիճակում ուսանողական շարժումը Հայաստանում քաղաքացիական ընդվզման շատ կարևոր կետ է: Epress.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել իրավապաշտպան, «Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ Միքայել Դանիելյանը:
Իրավապաշտպանի խոսքով՝ հենց երիտասարդների շարժումը կարող է Հայաստանում իրական բարեփոխումների բերել:
«Այդ ուսանողների գործողությունները համահունչ են «Բարեվolution» շարժմանը, որը ավելի շատ սազում է իրենց, ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանին: Պետք է չմոռանանք, որ, օրինակ, 1968 թվականին Ֆրանսիայում ուսանողական շարժումները մեծ թափ են առել և լուրջ փոփոխությունների պատճառ դարձել», – ասել է Դանիելյանը:
Նա, այնուամենայնիվ, ընդգծել է, որ, ինչպես գրեթե բոլոր շարժումների մեջ, այստեղ էլ իշխանությունները փորձում են իրենց մարդկանց ներդնել և ապակողմնորոշել արդար պայքար մղող երիտասարդներին:
«Ցավալի է, բայց երիտասարդների շարժումը զերծ չի մնացել դրանից: Այդ շարժման մեջ արդեն տարբեր գույների մարդիկ են հայտնվում, որոնք այդքան էլ ազնիվ չեն ընդվզող երիտասարդների առջև: Հայաստանում բլոգերականը և բնապահպանականը գրեթե ամբողջությամբ ղեկավարվում են Նալբանդյան և Բաղրամյան փողոցներից», – հայտարարել է իրավապաշտպանը:
Նրա խոսքով՝ բլոգերների և բնապահպանների շարքում էլ կան ազնիվ պայքարող անձինք, սակայն կան մարդիկ, ովքեր հստակ կատարում են իշխանությունների պատվերը: Միքայել Դանիելյանը կարծում է, որ շարժման մասնակիցները պետք է շատ զգոն լինեն և թույլ չտան ավելորդ միջամտություններ ներդրված տարրերի կողմից, ինչպես նաև պետք է փորձեն մաքրել իրենց շարքերից անհասկանալի մարդկանց:
Անդրադառնալով ուսանողների հետագա անելիքներին՝ իրավապաշտպանն ասել է, որ նրանք պետք է շարունակեն դասադուլը, քանի որ դա քաղաքացիական անհնազանդության արդյունավետ և կիրթ միջոցներից մեկն է:
Դանիելյանը խոսել է դասադուլավորների դեմ հանդես եկող բուհերի ուսխորհուրդների, ինչպես և որոշ դասախոսների հայտարությունների մասին: Մասնավորապես, անդրադառնալով ԵՊՀ-ի դասախոսներից մեկի պնդմանը, թե դասադուլը ճիշտ պայքարի միջոց է ազգային հարցերի համար պայքարում՝ Դանիելյանն ասել է.
«Այս պայքարն էլ իր տեսակի մեջ ազգային է: Եթե նկատի ունեն 1988 թվականը, ապա այն ժամանակ պայքար էր ավտորիտար Կոմունիստական կուսակցության դեմ, իսկ այժմ Հանրապետական կուսակցության դեմ, որն իր բնույթով նույնպես ժողովրդավարական չէ, ավտորիտար է: Ես տարբերություն չեմ տեսնում այն ժամանակվա կոմունիստների և այսօրվա հանրապետականների միջև»:
Ինչ վերաբերում է ուսխորհուրդների ներկայացուցիչների կողմից անընդհատ կրկնվող արտահայտությանը, թե ուսանողների ծնողները վճարում են, որպեսզի իրենց երեխաները կրթություն ստանան, ապա այս փաստարկը, Դանիելյանի խոսքով, անհեթեթ է:
«Եթե ես իմանայի, որ այդ վճարի դիմաց ուսանողները որակյալ կրթություն են ստանում, դեռ կարելի էր մտածել, սակայն մենք գիտենք, թե ինչ վիճակում է գտնվում կրթական համակարգը և ինչ որակի կրթություն են տալիս բուհերում: Մեր կրթական համակարգն այսօր լուրջ որակ չի ապահովում: Բացի դա, հատկանշական է, որ այդ արտահայտություններն անում են ուսխորհրդի անդամները, ովքեր հիմնականում Հանրապետական կուսակցությունից են», – եզրափակել է Միքայել Դանիելյանը: