2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Օմբուդսմենը գնահատել է Բնապահպանության նախարարության ոլորտում մարդու իրավունքների վիճակը

ՀՀ ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանը 2012թ. զեկույցում ամփոփել է  Մարդու իրավունքների վիճակը Բնապահպանության նախարարության ոլորտում:

Պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ Բնապահպանության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ  թերացումները.


  • Առկա էին բազմաթիվ չլուծված խնդիրներ կապված` Նախարարության կողմից վտանգավոր նյութերի ու թափոնների առաջացումը և փոխադրումը խախտումներով իրականացնելու հետ:

  • Ստացվել են բնապահպանական մի շարք ոլորտներին վերաբերող բազմաթիվ դիմում-բողոքներ` ծառահատումների, մթնոլորտային օդի աղտոտվածության, գետերում ջրերի և/կամ ձկների թունավորման, ապօրինի որսի և փայտանյութի առգրավման, վտանգավոր նյութերի և թափոնների, թունավոր արտանետումների հետ կապված:

  • Օրհուսի կոնվենցիայից բխող Հայաստանի Հանրապետության ստանձնած պար­տա­վո­րությունների կատարման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագիրն ըստ էության չի կատարվել, մասնավորապես, չի իրագործվել ոլորտում առկա իրավահարաբերությունների հստակ կարգավորումը:

  • Պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել ՀԷԿ-երից ջրառի վերաբերյալ առկա խնդիրների լուծման ուղղությամբ:

  • Նախարարության կողմից չի իրականացվել ոլորտում առկա խախտումների պատշաճ արձագանքմանն ու լուծմանն ուղղված հետևողական քաղաքականություն:

  • Խիստ մտահոգիչ էին շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության բացակայության հետևանքով տնտեսվարող սուբյեկտների կողմից շրջակա միջավայրին պատճառված վնասի բազմաթիվ դեպքերը:

  • Շարունակում է չլուծված մնալ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հստակ չափանիշների մշակման, ինչպես նաև շրջակա միջավայրին հասցված վնասի հայտնաբերման և օրինախախտների նկատմամբ օրենսդրությամբ սահմանված պատժամիջոցների կիրառման խնդիրը:

  • Դեռևս իր լուծումը չի ստացել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ի ներկայիս գործունեության լիցենզավորման խնդիրը, ինչի վերաբերյալ առկա են եղել բազում ահազանգեր բնապահպանների կողմից:

  • Մտահոգության տեղիք է տալիս, որ Նախարարությունը մինչ օրս նախաձեռնողական մոտեցում չի ցուցաբերել իր ենթակայության տակ գտնվող տարածքների նկատմամբ հսկողություն իրականացնելու հարցում`  արգելոցներում որսի դեպքերը բացահայտելու և պատասխանատվության միջոցներ կիրառելու նպատակով:

  • Շարունակում է չլուծված մնալ ոլորտին առնչվող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ պատշաճ հանրային քննարկումների կազմակերպան խնդիրը, որի հետևանքով հանրության մասնակցությունը հաճախ ձևական բնույթ է կրել:


  Արձանագրված դրական զարգացումները

 


  • Միջոցներ են ձեռնարկվել հանրությանը մտահոգող հարցերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման իրականացման ուղղությամբ:

  • Իրականացվել է բնապահպանական պետական տեսուչներին պաշտոնում նշանակելու հստակ չափորոշիչների մշակում՝ համաձայն «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի:

  • Միջոցներ են ձեռնարկվել համապատասխանեցնելու օրենսդրությունը Օրհուսի կոնվենցիայի դրույթներին: