Home / Հայաստան / Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբն ասել է՝ որն է «Սերժ Սարգսյանի հերթական ինքնաբացարկը»

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբն ասել է՝ որն է «Սերժ Սարգսյանի հերթական ինքնաբացարկը»

Ինչպես և սպասելի էր, Սերժ Սարգսյանի խոստումները, թե իշխանությունները հետամուտ են լինելու փետրվարի 18-ին տեղ գտած ընտրախախտումների բացահայտմանն ու կեղծարարներին պատժելուն՝ հերթական շոուի մաս են կազմում: Այս մասին ասված է Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի` այսօր տարածած հայտարարության մեջ:

Հայտարարության հեղինակները, մասնավորապես, անդրադառնում են ապրիլի 2-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում զննված Արարատի մարզի թիվ 17/05 ընտրական տեղամասի փաստաթղթերի պարկը:

«Հատուկ քննչական ծառայությունը «պարզեց», որ գերազանցապես ՀՀԿ ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը կեղծիքներ է թույլ տվել… Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին:

Հիշեցնենք, որ սա այն հանձնաժողովն է, ուր կեղծարարները՝ ներխուժելով տեղամաս, բռնել էին դիտորդ Նարինե Իսմայիլի ձեռքերը, որպեսզի նա չտեսանկարահանի, և հարյուրավոր քվեաթերթիկներ լցոնել քվեատուփի մեջ: Նման դեպքում իրավապահ մարմինը պետք է նախեւառաջ գրաֆոլոգիական փորձաքննություն նշանակեր ընտրամատյաններում դրված ստորագրությունների համար՝ պարզելու, թե ովքեր են ստորագրել լցոնված քվեաթերթիկների թվին համապատասխան Հայաստանից բացակայող քաղաքացիների ազգանունների դիմաց: Դրա համար պետք է պարզեր, թե քվեարկությանը մասնակցած քաղաքացիներից ովքեր են իրականում բացակայել երկրից և ինչպես է նրանց ազգանունների կողքին ստորագրություն հայտնվել: Սակայն հասկանալի է, որ անարդարադատության նվիրյալները կաշառքով բարձրագույն իրավաբանական կրթության դիպլոմներ են գնել ոչ թե ճշմարտությունը բացահայտելու, այլ վերադասների պատվերները կուրորեն կատարելու համար:

Օրերս նաև կարճվեց Վանաձորի թիվ 29/13 ընտրատեղամասում սույն հայտարարությանը կից ներկայացված լուսանկարի փաստով զինվորական դատախազությունում բացված քրեական գործը՝ «հանցակազմի բացակայության» հիմնավորմամբ: Կարելի է կարծել՝ դիտողի աչքին է երեւում, որ սպան կանգնած է քվեարկող զինվորից անթույլատրելիորեն մոտ հեռավորության վրա, ինչը քվեարկության գաղտնիության լուրջ խախտում է», – հայտարարում է Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդի թիմը նշում է, որ «բավարար ապացույցների բացակայության» հիմնավորմամբ կարճվել է նաև մեկ այլ գործ, որը վերաբերում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասում գտնվող թիվ 8/23 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Սյուզի Ալեքսանյանի այն վկայությանը, թե իր աչքի առջև իրականացվել է լցոնում, ապաեւ փորձ է արվել ցուցմունք չտալու դիմաց կաշառել իրեն: «Այսպիսով՝ գործող դե ֆակտո նախագահ Սերժ Սարգսյանը հստակ ցույց է տալիս հասարակությանը, որ մտադիր է հովանավորել և իր անձնական պաշտպանության տակ առնել անգամ ամենավերջին ընտրակեղծարարին:

Մենք խստորեն դատապարտում ենք իրավապահ մարմինների կողմից ընտրական իրավախախտումները կոծկելու եւ հանցագործներին պարտակելու քրեորեն պատժելի գործելաոճը: Սրանով Սերժ Սարգսյանը՝ որպես ՀՀ սահմանադրության երաշխավոր, փաստորեն հերթական ինքնաբացարկն է տալիս իր անմիջական պարտականությունների և գործառույթների իրականացումից», – եզրափակում են հայտարարության հեղինակները:

Tekali Taxi