Home / Հայաստան / «Հեղաշրջման օր չի նշանակվել». «Ժառանգության» քարտուղարը՝ ապրիլի 9-ի մասին

«Հեղաշրջման օր չի նշանակվել». «Ժառանգության» քարտուղարը՝ ապրիլի 9-ի մասին

Եթե ամեն ինչ այդքան հեշտ լիներ, Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ մեկ ժամում հեղափոխություն կաներ, կարծում է «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

Խոսելով ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ Սաֆարյանն ասել է, որ իր համար օրվա կարևորագույն իրադարձությունը Րաֆֆի Հովհաննիսյանի և ժողովրդի երդումն էր: Դրանից ավելի մեծ քաղաքական քայլի Սաֆարյանը չէր սպասում:

«Այն ոչ թե փիառ ակցիա էր, այլ քաղաքական մի աննախադեպ միջոցառում ՀՀ նորանկախ պատմության մեջ: Ժողովուրդը ոչ թե իրենց տներում, փողոցներում կամ բակերում, այլ հրապարակավ` իրենց ընտրած առաջնորդի հետ միասին, երդվեց չենթարկվել որևէ կեղծ հրամանի», – ասել է «Ժառանգության» քարտուղարը:

Հարցին, թե որքանով էր ճիշտ ժողովրդին մարզերից Ազատության հրապարակ կանչել և հետո հայտարարել, որ հավաքվելու են ապրիլի 12-ին, Սաֆարյանը հորդորել է այլ մարդկանց կարծիքները և տեսակետները չվերագրել Րաֆֆի Հովհաննիսյանին:

«Ապրիլի 9-ը չի նշանակվել որպես հեղաշրջման կամ Բաղրամյան 26-ը գրավելու օր: Ավելին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը բոլոր մարզային այցելությունների ժամանակ հրապարակավ ժողովրդին հարցրել է` արդյոք պատրաստ են երկարատև պայքարի: Ոչ մեկ չի նշանակել հեղափոխության ժամ: Ազատության հրապարակում ժողովուրդն ապացուցեց, որ Սերժ Սարգսյանը մեկուսացված փոքրամասնություն է Հայաստանում, և տվյալ շարժումը պետք է ամեն օր ստեղծի այդ իրավիճակը», – ասել է Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ երեկ Ազատության հրապարակում ժողովրդի մեջ մտցվել էին ամենատարբեր տեսակի սադրիչներ, որոնք հնչեցնում էին արյան կոչեր:

Սաֆարյանը չի կարող ասել, թե ում կողմից էին ուղղորդված այդ անձիք, սակայն նշել է, որ կային նաև հարբած մարդիկ:

«Կար ժողովրդի մի զգալի հատված, որ քաղաքական պայքարը պատկերացնում էր`  նախագահական պալատը գրավելով: Րաֆֆին դա արեց, նա գնաց այդ ճանապարհով և ցույց տվեց, որ այդ ուղին ուղղակի փակուղի է: Ցանկացած բռնություն բերում է վախի քաղաքականության. կան մարդիկ, որոնք լավ չեն հիշում անցյալի փորձը», – ասել է Սաֆարյանը:

Tekali Taxi