Home / Հայաստան / ԵՊՀ-ում կգործի Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն

ԵՊՀ-ում կգործի Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն

Այսօր ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելությունը, Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) և ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի պետական համալսարանը նշեցին ԵՊՀ-ում Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի պաշտոնական բացումը: ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության համաձայն՝ Կենտրոնը կանանց և գենդերային հետազոտությունների ուսումնական նոր պլան կմշակի, կաջակցի համալսարանի կին շրջանավարտների մասնագիտական առաջխաղացմանը, կիրականացնի հանրային իրազեկման միջոցառումներ, ինչպես նաև կնպաստի գենդերային հավասարության և կանանց առաջնորդության հիմնախնդիրներին վերաբերող հետազոտությունների և պետական քաղաքականության առաջխաղացմանը:

Կենտրոնը հիմնադրվել է Կանանց զարգացման ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել է 2013 թվականին` ԱՄՆ ՄԶԳ-ի և «Բարձրագույն կրթությունը զարգացման համար» ծրագրի համատեղ ջանքերով:  Միացյալ Նահանգների հինգ համալսարաններ են ընտրվել գործակցելու Հայաստանի, Պարագվայի, Ռուանդայի և Հարավային Սուդանի բուհերի հետ` նշված չորս երկրներում բիզնեսի, գյուղատնտեսության և կրթության ոլորտներում կանանց համար կրթական ծրագրերն ու հնարավորությունները խթանելու և զարգացնելու համար:

Արիզոնայի պետական համալսարանի (ԱՊՀ) կողմից իրականացվող Կանանց զարգացման ծրագրի բաղադրիչը կշարունակի ԱՊՀ-ի և ԵՊՀ-ի միջև շուրջ մեկ տասնամյակ առաջ սկսված համագործակցությունը և կֆինանսավորվի ԱՊՀ-ի Հումանիտար գիտությունների կոլեջի Մելիքյան կենտրոնին հատկացված 1,3 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհի միջոցներով: Գալիք երեք տարիների ընթացքում կանանց հիմնախնդիրների հետազոտություններով զբաղվող ԵՊՀ-ի ութ գիտաշխատողներ կմասնակցեն ԱՊՀ-ի Սոցիալական զարգացման ֆակուլտետի կանանց և գենդերային հետազոտությունների ծրագրի դասընթացներին, կմշակեն ուսումնական ծրագիր ու նպատակային հետազոտության առաջարկներ: Հայ գիտաշխատողները նաև ներկա կգտնվեն ԱՊՀ-ի Հանրային կապերի ֆակուլտետի դասընթացներին: Առաջին խումբը Արիզոնա կմեկնի սույն թվականի աշնանը:

Tekali Taxi