Home / Հայաստան / Սպասվում է 2008թ. ի վեր ամենաբարենպաստ ժամանակահատվածը, վստահ է Սերժ Սարգսյանը

Սպասվում է 2008թ. ի վեր ամենաբարենպաստ ժամանակահատվածը, վստահ է Սերժ Սարգսյանը

Այսօր Սերժ Սարգսյանը նոր կառավարության առաջին նիստից առաջ հանդիպում է ունեցել վարչապետի և նորանշանակ նախարարների հետ, շնորհավորել նրանց կառավարության կազմում ընդգրկվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ ընդգծելով, որ այդ հաջողություններով շատ բան է պայմանավորված լինելու առաջիկայում, շատ ավելին, քան առաջին հայացքից կարող է երևալ: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

«Վերջին մեկ տարվա ընթացքում մենք անցանք երեք խոշոր ընտրական գործընթացների միջով: Խորհրդարանական ընտրությունների արդյունքում մենք ունեցանք մեր երկրի քաղաքական դաշտի գրեթե ողջ ներկապնակը ներկայացնող խորհրդարան, որն արդեն իսկ իրեն դրսևորել է որպես ուժեղ և գործուն քաղաքական մարմին: Նախագահական ընտրությունների արդյունքում մենք ունեցանք քաղաքական նոր մշակույթ, իսկ մի քանի օր առաջ տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ մեր քաղաքացիները մեկ անգամ ևս բարձրաձայնեցին, որ պահանջում են և պատրաստ են սատարելու այն պաշտոնյաներին, ովքեր օրնիբուն աշխատում են, ամեն օր մի բան են փոխում և պրակտիկ, կոնկրետ աշխատանքը գերադասում են շոուներից: Այժմ մեզ սպասում է 2008 թվականից ի վեր ամենաբարենպաստ ժամանակահատվածը՝ ամբողջովին նվիրվելու մեր աշխատանքին, անմնացորդ և հետևողականորեն աշխատելու, մարդկանց հոգսերը լուծելու և արդյունքում ավելի ապահով Հայաստան կերտելու», – կառավարությում ելույթի ժամանակ վստահություն է հայտնել Սերժ Սարգսյանը:

Նա նշել է, որ ներկա կառավարությունից սպասելիքները շատ մեծ են, և արդյունավետ աշխատելու համար էլ որևէ խոչընդոտ չի տեսնում:

«Անցած տարի կառավարության առջև խնդիր դրվեց ապահովել նվազագույնը 7 տոկոս տնտեսական աճ: Այս խնդիրը լուծվեց: Ընթացիկ տարում էլ նույն խնդիրն է դրված: Բայց այսուհետ մենք ձեր գործունեությունից ակնկալելու ենք որակական ցուցանիշներ, կառավարության գործունեության արդյունավետության և սոցիալական խնդիրների լուծման կոնկրետ ցուցիչներ: Հարցնելու ենք ոչ թե՝ ի՞նչ է արվել, այլ արվածն ի՞նչ արդյունքներ է տվել: Եվ այդ արդյունքները պետք է լինեն չափելի ու տեսանելի: Չափելին աշխատավարձերի բարձրացումն է, թոշակների ավելացումն է, չափելին ոչ միայն պետական սեկտորի աշխատողների աշխատավարձերի բարձրացումն է, այլ տարբեր գործիքների օգտագործմամբ նաև պետական հատվածում աշխատողների աշխատավարձերի բարձրացմանը նպաստելն է, ուռճացված պետական համակարգի օպտիմալացումն է, չափելին մարդկանց կոնկրետ սոցիալական խնդիրների լուծումն է», – ասել է Սարգսյանը:

Tekali Taxi