Home / Հայաստան / «Ձեր ստամոքսը ձայն հանո՞ւմ է». զավեշտալի հարցեր՝ ԿԸՀ նախագահին. վերջինս հրաժարվել է ասուլիսից (թարմացված)

«Ձեր ստամոքսը ձայն հանո՞ւմ է». զավեշտալի հարցեր՝ ԿԸՀ նախագահին. վերջինս հրաժարվել է ասուլիսից (թարմացված)

Մայիսի 10-ին տեղի է ունենալու «Ազատություն» ռադիոկայանի ֆեյբուքյան ասուլիսը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ: Սոցիալական ցանցում ընթերցողներն այսօրվա դրությամբ արդեն տասնյակ հարցեր են հղել Մուկուչյանին։ Դրանց մի մասը՝ ստորև․

– Պարոն Մուկուչյան, ճի՞շտ է, որ ՀՀԿ-ականներին ժինգյալով քվեաթերթիկներ են բաժանվել:

– Ինչպե՞ս եք վերաբերվում մեռելների արտագաղթին։

– Որտե՞ղ եք տեսնում ձեզ հեղափոխությունից հետո:

– Որ սովածանում եք, ձեր ստամոքսը ձայն հանու՞մ է:

– Դուք 1991-ին ԱԺ-ում էլեկտրիկ եք աշխատել, իսկ հիմա՝ ԿԸՀ Նախագահ։ Խնդրում եմ ասեք, ե՞րբ է Ձեր խիղճն ավելի հանգիստ եղել:

– Որ գիրքն է ձեզ ավելի շատ ոգեշնչել՝ Գոգոլի «Մեռած հոգիները», թե Կամասուտրան։

– Պարոն Մուկուչյան, լսել եմ ընտրողներին գունավոր գրիչներ էիք բաժանում, ինձ էլ մի հատ կանաչ ֆլոմ կնվիրե՞ք։

– Իսկ ինչ ֆոբիաներ ունեք դուք?

– Ճի՞շտ է, որ «Մկների ժողովը» հեքիաթում դուք եք հրաժարվել համատեղել ժողովի խոսնակի ու զանգ կախողի պարտականությունները:

– Պարոն Մուկուչյան, ասում են` լինում է, չի լինում, մի անմեղ գյառ է լինում: Ի՞նչ եք կարծում, այսօրինակ անպատասխանատու հայտարարությունները չե՞ն խարխլում մեր երիտասարդ պետության հիմքերը:

– 900000 է շատ, թե՞ 600000՝ խոսքը աշխատավարձի մասին է. ձայների դեպքում՝ պարզ է:

– Ճի՞շտ է , որ ուզում են ձեզ վաստակավոր նկարչի կոչում տան:

– Ընտրությունների գնացե՞լ եք:

– Ճիշտը մի հատ ա՞, թե ձեր հաշվարկները ուրիշ են:- Սամվել Ալեքսանյանը ձեզ հետ միասի՞ն է ընտրությունները կազմակերպում, որ գալիս է ընտրատեղամաս, որ պրոբլեմ չլինի: Ի՞նչ լիազորություններ եք տվել նրան և որքա՞ն է վճարվում այդ ծառայությունների դիմաց:

– Ինչո՞ւ համաձայնեցիք մասնակցել ասուլիսին, և ի՞նչ հարցեր էիք ակնկալում քաղաքացիներից:

Ռադիոկայանի ֆեյսբուքյան էջի ադիմնիստրատորը հարցերի մի մասը ջնջել է, իսկ հաղորդման վարող Նարինե Ղալեչյանը զգուշացում է թողել, որ բոլոր այն հարցերը, որոնք չեն համապատասխանում «Ազատության» կանոններին, շեղում են ասուլիսը ու հասցնում հումորային ժանրի հանդիպման՝ հեռացվում են էջից:

Այս դիտարկումը առաջացրել է մի շարք օգտատերերի դժգոհությունը, որոնք ասում են, թե ռադիոկայանը սահմանափակում է այդպիսով իրենց խոսքի ազատությունը:

Արձագանքելով քննադատությանը՝ «Ազատություն» ռադիոկայանը Ֆեյսբուքում հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ:

«Քանի որ այս պատի վրա անլուրջ հարցերի ֆլեշմոբ է սկսվել, մենք ստիպված եղանք միառժամանակ փակել պատը որպեսզի կարողանանք կառավարել եղած գրառումները։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը։

Խոստովանենք, որ այստեղ բավականին մեծ թվով ծիծաղելի հարցեր կային՝ մենք գնահատում են հումորը, ծիծաղում Ձեզ հետ միասին, սակայն այս իրավիճակը խանգարում է մեր աշխատանքին։ Մեզանից բավական լուրջ կազմակերպչական ջանքեր ենք ներդնում այս ասուլիսները կազմակերպելու եւ Ձեզ հրավիրված հյուրերին սուր հարցեր տալու հնարավորություն տալու համար, եւ նման ակցիաներով Դուք ինքներդ Ձեզ զրկում եք այս բացառիկ հնարավորությունից։

Մենք առաջնորդվում ենք բացառապես մեր էթիկայի կանոնագրքով եւ խմբագրական քաղաքականությամբ։ Մասնավորապես, մեր կողմից կառավարվող բոլոր ինտերնետային ռեսուրսների համար գործում են կայքում տեղադրված ֆորում–քննարկումների կանոնները http://www.azatutyun.am/info/forum_rules/351.html։

Որոշ դեպքերում մեր կողմից թյուրիմացաբար ջնջվել են հարցեր, որոնք իրենց մեջ որեւէ խնդիր չեն պարունակում։ Կրկին անգամ հայցում ենք Ձեր ներողամտությունը նաեւ նման դեպքերում։

Պատը այժմ նորից վերաբացված է, առաջարկում ենք այն օգտագործել ըստ նշանակության», – նշել է ռադիոկայանը։

Նշենք, որ ավելի ուշ Տիգրան Մուկուչյանը հրաժարվել է ֆեյսբուքյան ասուլիսից:

Tekali Taxi