Home / Հայաստան / Պատգամավորը ԿԲ-ին խնդրում է սառեցնել գյուղացիներին տրամադրած վարկերը

Պատգամավորը ԿԲ-ին խնդրում է սառեցնել գյուղացիներին տրամադրած վարկերը

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նամակով դիմել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին՝ խնդրելով առևտրային բանկերի հետ քննարկել կարկուտից տուժած գյուղացիներին տրամադրված վարկերի սառեցման հարցը:

Մարուքյանը նամակում նշել է, որ իրեն դիմել են Արմավիր և Արագածոտն մարզերի բազմաթիվ գյուղացիներ, որոնք հայտնել են, որ մայիսի 12-ին տեղացած առատ կարկուտի հետևանքով կարկտահարվել են մարզերի մի քանի հազար գյուղացիական տնտեսությունների կողմից մշակվող ցանքատարածություններն ու այգիները: Ընդ որում, ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետությունում դեռևս չկան կարկուտի դեմ պայքարելու բավարար չափով միջոցներ, ինչի հետևանքով կարկտահարությունը տարեկան մի քանի անգամ մեծ վնասներ է պատճառում գյուղացիական տնտեսություններին, հատկապես գարնանը, երբ կարկտահարվելուց հետո քիչ է հավանական, որ ծառերը տվյալ տարում նորից կծաղկեն և բերք կտան:

«Չունենալով ո՛չ բերք, ո՛չ էլ եկամտի որևէ այլ աղբյուր՝ այս գյուղացիները հայտնվել են անելանելի վիճակում, քանի որ նրանց հիմնական մասը վարկառու է և այժմ չի կարող անգամ ընտանիքի կարիքները հոգալ, առավել ևս մարել վարկը: Նրանցից շատերն արդեն իսկ որոշել են մեկնել արտերկիր աշխատելու:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում եմ առևտրային բանկերի հետ քննարկել վերոհիշյալ գյուղացիական տնտեսություներին տրամադրված վարկերի սառեցման հարցը և հնարավորության դեպքում ժամանակ տրամադրել այդ վարկառուներին, որպեսզի նրանք կարողանան ոտքի կանգնել կրած վնասներից հետո և ապա շարունակեն վարկերի մարումը», – գրել է Էդմոն Մարուքյանը:

Tekali Taxi