Home / Հայաստան / «Բարև Երևան»-ը շուրջ 1000 էջ փաստական նյութ է ներկայացրել Վարչական դատարան

«Բարև Երևան»-ը շուրջ 1000 էջ փաստական նյութ է ներկայացրել Վարչական դատարան

Երեկ ՀՀ Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանը ՀՀ վարչական դատարան է ներկայացրել 2013թ. մայիսի 5-ի ընտրություններն անվավեր ճանաչելու մասին դաշինքի հայցադիմումը:

Ինչպես ասված է «Բարև Երևան» դաշինքի հաղորդագրության մեջ, հայցադիմումը բաղկացած է եղել 52 էջից և ներառում էր Երևանի 13 ընտրատարածքներից 10-ում ընտրախախտումների պատկերն ու փաստական աղբյուրներն արտացոլող աղյուսակներ՝ ըստ յուրաքանչյուր ընտրատարածքի բոլոր տեղամասերի:

Աղյուսակներում ամփոփված տվյալները հաստատող փաստական նյութը Վարչական դատարան է ներկայացվել 9 հատորներով՝ շուրջ հազար էջ ընդահանուր ծավալով:

«Ի տարբերության նախկին ընտրությունները վիճարկած հայցադիմումների և դրանց կից դատարաններ ներկայացված փաստական նյութի, ներկա հայցադիմումի ողջ փաստական նյութը քաղված է բացառապես չորս աղբյուրներից. ա/ ՏԸՀ գրանացամատյանների պատճեններ, բ/ հատուկ կարծիքների և արձանագրությունների պատճեններ, գ/ վերահաշվարկի գործընթացում արձանագրված դիտարկումներ, դ/ Transparency Internatiօnal ՀԿ դիտորդների վկայություններ», – նշված է հաղորդագրության մեջ:

Լրատվամիջոցների հրապարակումներին, ոստիկանության տեղեկանքներին հղումները առանձնացվել են մեկ առանձին հատորում:

Դաշինքը հայցադիմումի մեջ նշել է, որ ՏԸՀ-ների շուրջ 80 տոկոսում արձանագրված վարչական ու քրեական պատասխանատվություն ենթադրող ընտրախախտումների պարագայում ԸԸՀ-ների և ԿԸՀ-ի կողմից դրանք անտեսելը վկայում է, որ ընտրախախտումներն ունեցել են կազմակերպված, զանգվածային, պարբերական բնույթ, որի պայմաններում խախտվել են ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածով ամրագրված ընտրական իրավունքի սկզբունքները:

«Բարև Երևան»-ը խնդրել է ՀՀ վարչական դատարանին անվավեր ճանաչել ՀՀ ԿԸՀ «2013թ. մայիսի 12-ի» որոշումը 2013թ. Երևանի ավագանու ընտրությունների մասին, համաձայն որի ԿԸՀ-ն մերժել էր Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դաշինքի պահանջը:

Tekali Taxi